ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. «Խոսրովի արգելոցի վրա թռչում են 8-10 սև անգղ, որոնցից երկուսն իջան ծառերի վրա, արդեն բազմաթիվ թիթեռներ կան»,- այս մասին հայտնում է ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապի վարչության պետի տեղակալ Նանա Գնդոյանը` նշելով, որ լուրը հայտնել են տեղում աշխատող փրկարարները։
«Դա նշանակում է, որ այլևս ծուխ չկա, անտառի կենդանիները վերադառնում են: Այստեղ միայն մենք ենք, բնապահպաններն ու անտառային տնտեսության աշխատակիցները, բայց կենդանիները մեզանից չեն վախենում». կապի վերջ, Ընդունված է…»,- ֆեյսբուքյան էջում գրել է Գնդոյանը։
Նշենք, որ «Խոսրովի անտառ» արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում էին փրկարարները, ոստիկանները, զինծառայողները, կամավորներն ու ՌԴ ԱԻՆ-ի «Իլ-76» ինքնաթիռը։ Այժմ հրդեհված տարածքում կրակի հետմարման աշխատանքներ են իրականացվում։