ԵՐԵՎԱՆ, 18 օգոստոսի — Sputnik. Բարսելոնայի կենտրոնում ահաբեկչության հետևանքով զոհված և վնասվածքներ ստացած մարդկանց թվում ՀՀ քաղաքացիներ չկան։ Այս տեղեկությունը դեռ նախնական է և ճշտվում է, Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ արտգործնախարարության աղբյուրը։
«Նախնական տվյալով` զոհերի և տուժածների մեջ ՀՀ քաղաքացիներ չկան, բայց մենք շարունակում ենք ճշտել տեղեկությունը»,- ասացին ԱԳՆ-ից։
Հիշեցնենք, որ երեկ երեկոյան Բարսելոնայի կենտրոնում միկրոավտոբուսը մխրճվել էր մարդկանց բազմության մեջ։ Ոստիկանությունը չեզոքացրել էր կասկածյալներից մեկին, մյուսին` ձերբակալել։
Ոստիկանությունը կատարվածն ահաբեկչություն էր որակել։ Նախնական տվյալով` զոհվել է 13 մարդ, վիրավորների թիվը մի քանի տասնյակի է հասնում։