Ոստիկանությունը հարձակվողի ինքնությունը պարզել է դեպքի մասին հաղորդումից րոպեներ անց: Նախնական տեղեկություններով նա այն շարժական գազալցակայանի աշխատակիցն է, որտեղ լրագրող Նարինե Ղալեչյանը նկարահանումներ էր պատրաստվում անել:
«Այդ երիտասարդը ծովագյուղցի է, լցակայանի սեփականատերը չէ, գիտենք, թե ում է պատկանում լցակայանը: Սեփականատիրոջ հետ խոսելուց հետո միայն անուններ կհրապարակենք,- մեզ հետ զրույցում տեղեկացրեց Նարինե Ղալեչյանը:
Լրագրողի հրապարակած կադրերում հստակ երևում է, թե ինչպես է սևազգեստ երիտասարդը դեպի մեքենան գալիս ու փորձում հարվածել մեքենային:Լուսանկարներում պարզ երևում են նրա բռունցքների հետքերն ու մեքենայի կրած վնասը:
«Գնացել էինք շարժական լցակայանները նկարելու: Դրանք Սևանում կենտրոնական հատվածներում են: Դեռ չմոտեցած կայանին դիմացի շենքից դուրս եկավ այդ երիտասարդն ու դեպի ինձ սկսեց գալ: Երբ մոտեցավ, նկատեցի կլոր աչքերն ու առաջ ցցած ծնոտն ու հասկացա՝ գործը ֆիզիկական բռնության է հասնելու: Շտապեցի մեքենան, նստեցի ու նա սկսեց հարձակումը»,-պատմում է մեր գործընկերը:
Լրագրողն ու մեքենայի վարորդը ցուցմունք են տվել, կազմվել է արձանագրություն: Ոստիկանությունում Նարինեն հանդիպել է հարձակվողին: Պատճառների մասին խոսելիս նա սկսել է միանգամից ստել, թե իբր լրագրողը չի լսել իրեն, գոռացել է և այլն: Լրագրողը խնդրել է տարածքից հեռացնել հարձակվողին:
ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հաստատել են, որ Նարինե Ղալեչյանը ոստիկանությունում ցուցմունք է տվել, համապատասխան գործողություններ են կատարվում, դեպքի հանգամանքները պարզվում են։