Խաչիկ Չախոյան, Sputnik.
Հայաստանի ազգային հավաքականի և անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը հնարավորություն ունի նոր էջ գրելու հայկական ֆուտբոլի պատմության մեջ: Բազմաթիվ ցուցանիշներով Հենրիխն արդեն առաջինն է, սակայն սուպերգավաթում հաղթանակի հասնելու դեպքում մենք կունենանք ևս մեկ նվաճում:
Խաղի մեկնարկին դեռևս բավականին ժամանակ կա, բայց արդեն հիմա կարելի է նշել, որ այս երկու թիմերի մրցավեճը անցնելու է շատ հետաքրքիր պայքարում: Բնականաբար մինչև մրցաշրջանի պաշտոնական մեկնարկը երկու թիմերում էլ կարող են և լինելու են փոփոխություններ: Մասնավորապես մանկունյանցիների կազմը արդեն համալրել է 22 ամյա շվեդ պաշտպան Վիկտոր Լինդելյոֆը, թիմից հեռացել է Զլատան Իբրահիմովիչը:
Պարզ է, որ անգլիական թիմին բարձրակարգ հարձակվող էր հարկավոր: Ֆուտբոլիստ, որը կկարողանար կատարել Զլատանի գործը: 2016/17 թվականների մրցաշրջանում Իբրահիմովիչը «փակում» էր գոլ խփող ֆուտբոլիստի հարցը, իսկ հիմա Ժոզե Մոուրինյոն, գտել է նոր գոլահարի: Մյուս կողմից էլ «Ման.Յունայթեդի» խաղը անցյալ մրցաշրջանում այնքան էլ տպավորիչ չէր, ինչպես օրինակ՝ «Ռեալինը»: Այնպես, որ 2016/17 մրցաշրջանների արդյունքով ֆավորիտը այս խաղում հանդիսանում է Չեմպիոնների լիգայի հաղթողը:
Շատ ակտիվ խոսակցություններ են ընթանում Ալվարո Մորտատայի տեղափոխության մասին: Ու եթե Մորատան տեղափոխվի «Մանչեսթեր Յունայթեդ», ապա սուպերգավաթի խաղում հնարավորություն կստանա խաղալ իր նախկին ակումբակիցների դեմ: Բայց ի տարբերություն Մորատայի, «Ռեալը» կարող է ավելի զգալի կորուստ ունենալ: Քրիշտիանու Ռոնալդուն կարող է հեռանալ արքայական ակումբից, քանի որ նրա նկատմամբ հետաքննություն է սկսվել Իսպանիայի հարկային ծառայությունների կողմից:
Չի բացառվում, որ «Ռեալից» հեռանա նաև Խամեսը: Կոլումբիացին անցած մրցաշրջանում խաղային քիչ ժամանակ էր ստանում «Ռեալում» ու հասկանալի պատճառներով կարող է ընդունել այլ ակումբի առաջարկ:
ՈւԵՖԱ-ի սուպերգավաթի խաղից առաջ «Ռեալն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հնարավորություն ունեն ստուգելու միմյանց ուժեղ և թույլ կողմերը (չնայած հիմնականում դրանք հայտնի են): ԱՄՆ-ում հուլիսի 24-ին թիմերը հանդիպում կանցկացնեն միջազգային մրցաշարի շրջանակում: