ԵՐԵՎԱՆ, 8 օգոստոսի — Sputnik. Ռուսաստանաբնակ հայ ռեփ–կատարող Mozee Montana–ի վերջին՝ Hayastan Boomin («Հայաստանը պայթեցնում է») երգը, մեծ քանակությամբ դիտումներ է հավաքում YouTube ալիքում։
Տեսահոլովակում Mozee Montana–ին՝ 19–ամյա Ալինա Մկրտչյանին, կարելի է տեսնել «գանգստերուհու» դերում` Կալաշնիկովի ինքնաձիգը ձեռքին։ Երիտասարդ կատարողը ռեփ է կարդում իր հայրենիքի ու դրա տեսարժան վայրերի մասին։
Ալինան ծնվել է Վլադիվոստոկում, բայց 11–րդ դասարանում Մոսկվա է տեղափոխվել` կարիերա անելու համար։ Արդեն այն ժամանակ նրան հաջողվել է վաստակել իր առաջին մեկ միլիոն ռուբլին։
Սերը երաժշտության ու բանաստեղծությունների հանդեպ նրա մոտ ծնվել է, երբ կորցրել է հորը։ Մեծանալով` Ալինան հասկացել է, որ ցանկանում է բանաստեղծություններ կարդալ ռեփ ոճի մեջ։ Mozee Montana–ի ջանքերն ու տաղանդն ըստ արժանվույն է գնահատել ռուսալեզու ռեփեր Oxxxymiron–ն։
Աղջիկը սիրում է ճապոնացի գրողներին. Րյու, Հարուկի Մուրակամի, Կոբո Աբե։ Ականջին նա դաջվածք է արել` «1915»` ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի։
Mozee Montana–ն այս տարի արդեն հասցրել է ալբոմ թողարկել, որի մեջ այնպիսի կատարումներ են, ինչպիսիք են` Hayastan Boomin, Диски х марки, Беллуччи, Наливай, За стеклом, EGB։
Կուռքերի մասին Ալինան ասում է. «Դժվար թե կարողանամ մեկ սիրելի կատարողի նշել։ Делаем Вещи, Ժանկ Էնթոնի, Panda Lucci, FreeBoyz, "Новая Москва"` իմ սիրելիներն են, եթե խոսենք ռեփի մասին։ Եթե, ընդհանուր առմամբ, այս ոլորտի մասին խոսենք, ապա այստեղ, թերևս, Կրիստինա Սի (Կրիստինա Սարգսյան, ռուսական R"n"B կատարող – խմբ.)։ Շատ տաղանդավոր ու հետաքրքիր աղջիկ է։
Ալինան չի հասցրել ավարտել դպրոցը, քանի որ լիովին նվիրվել է արվեստին։ Աղջկա խոսքով` նա Մոսկվա է տեղափոխվել մեկ նպատակով. հաջողությունների հասնել ռեփի ոլորտում։