ԵՐԵՎԱՆ, 5 օգոստոսի — Sputnik. Անկախության 25 տարիների ընթացքում մեր ընտրանին առաջին անգամ է մասնակցում աշխարհի պաշտոնական առաջնության, իսկ մեկնարկն ավելի քան վստահ և հուսադրող էր. առաջին խաղում մեր բասկետբոլիստները 75:61 հաշվով առավելության հասան Սլովակիայի հավաքականի նկատմամբ` ապացուցելով, որ կարող են պայքարել և ուժեղ խաղ ցուցադրել, տեէեկացնում է armsport.am-ը։
Սլովակների նկատմամբ տոնած հաղթանակը վստահություն է հաղորդել մեր տղաներին, ինչպես նաև ոգևորություն` երկրպագուների շրջանում: Հաղթանակի դեպքում մեր ընտրանին աշխարհի առաջնության հիմնական ընտրական փուլ դուրս գալու լուրջ հայտ կներկայացնի:
Այսօրվա խաղում մեր մրցակից Շվեդիայի ընտրանին նախընտրական А ենթախմբի առաջին փուլում 81:73 հաշվով հաղթել է Բոսնիա-Հերցոգովինային: Ենթախմբից աշխարհի առաջնության հիմնական փուլ են դուրս գալու առաջին 2 հորիզոնականները զբաղեցրած հավաքականները: Այս պահին մեր ընտրանին երկու միավորով առաջին հորիզոնականում է, Շվեդիայի հավաքականը՝ երկրորդ, Բոսնիա-Հերցեգովինան երրորդ տեղում է, իսկ Սլովակիայի հավաքականը եզրափակում է մրցաշարային աղյուսակը:
Հիշեցնենք, որ Հայաստանի ընտրանին աշխարհի պաշտոնական առաջնությանը մասնակցելու իրավունք է ստացել նախորդ տարի Մոլդովայում «C» դիվիզիոնում հաղթելու շնորհիվ, իսկ նախընտրական այս փուլում ենթախմբերում 3-4-րդ հորիզոնականները զբաղեցրած հավաքականները նոյեմբերին հանդես կգան Եվրոպայի առաջնության «B» դիվիզիոնում: