ԵՐԵՎԱՆ, 3 օգոստոսի — Sputnik. Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլուն դուր չի եկել, երբ Միխեիլ Սահակաշվիլին Ուկրաինայի քաղաքացիություն ստանալու համար հրաժարվել է Վրաստանի քաղաքացիությունից: Այդ մասին Վրաստանի նախագահն ասել է «Ռուսթավի 2» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
«Նա եղել է երկրի նախագահ, գլխավոր հրամանատար, պետք է այնքան հարգի իր երկրի քաղաքացիությունը, որ չհրաժարվի դրանից: Թե ինչ կորոշի Միխեիլ Սաակաշվիլին, և ինչպիսին կլինի իմ պատասխանը, կտեսնեք՝ ելնելով նրանից, թե արդյո՞ք կդիմի նա քաղաքացիություն ստանալու խնդրանքով»,- հայտարարել է Գեորգի Մարգվելաշվիլին:
Նա նշել է, որ հինգ տարի չի քննադատել Սահակաշվիլուն այն պատճառով, որ 10 տարի հնարավորություն է ունեցել ընդդիմանալ նրան, այնինչ այսօր նրանք, ովքեր 10 տարվա ընթացքում ձայն չեն հանել, զբաղված են Սահակաշվիլու քննադատությամբ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ Ուկրաինայի Օդեսայի շրջանի նախկին նահանգապետ, Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, որին զրկել են Ուկրաինայի քաղաքացիությունից, հայտարարել է, որ չի պատրաստվում ստանալ այլ երկրների քաղաքացիություն, քանի որ իրեն համարում է Ուկրաինայի քաղաքացի:
Հուլիսի 26-ին Ուկրաինայի միգրացիոն ծառայությունը հայտնել է, որ երկրի նախագահ Պյոտր Պորոշենկոն Սահակաշվիլուն քաղաքացիությունից զրկելու մասին հրամանագիր է ստորագրել: Ինչպես նշել են Ուկրաինայի նախագահի աշխատակազմում, Վրաստանի նախկին նախագահը զրկվել է քաղաքացիությունից այն ստանալու ժամանակ կեղծ տվյալներ տրամադրելու պատճառով: