ԵՐԵՎԱՆ, 1 օգոստոսի — Sputnik. «Արցախ» ֆուտբոլային ակումբն այսօր «Միկա» մարզադաշտում ներկայացրեց թիմի ֆուտբոլիստներին, մարզչական շտաբին և ղեկավարներին, տեղեկացնում է armsport.am-ը: Ակումբի նախագահը Սևան Ասլանյանն է, որն արմատներով Ասկերանից է: Գլխավոր մարզիչը Տիգրան Եսայանն է, նրան օգնում են Տիգրան Գսպեյանը, Ալբերտ Աճեմյանը և Տիգրան Ոսկանյանը:
Հնչեց նաև երևանյան ակումբի հիմնը, ինչպես նաև ներկայացվեցին «Արցախ ՖԱ»-ի հովանավոր-գործընկերները՝ «Ռենո», «Steritech», «Galstyan & Galstyan», «Ապարան ջուր» և «Efubet» ընկերությունները:
Կազմակերպված միջոցառմանը նորաստեղծ ակումբի ֆուտբոլիստները ներկայացրին թիմի տնային, արտագնա և մարզումային շապիկները, որոնք արտադրվել են «Nike» ընկերության կողմից:
«Արցախի» գլխավոր մարզիչ Տիգրան Եսայանն ասաց, որ թիմի առջև Առաջին խմբի առաջնությունում հաղթելն ու Բարձրագույն խմբում հանդես գալու խնդիրն է դրված։
«Արցախի» գլխավոր մարզիչը վստահություն հայտնեց, որ թիմը երկարաժամկետ ծրագրեր ունի, ըստ նրա՝ «Արցախը» բրենդ է, մյուս թիմերից տարբերվելու է անհատ ֆուտբոլիստներով և գրագետ խաղով։
Միջոցառման ավարտից հետո «Արցախն» իր վերջին ստուգողական հանդիպումն անցկացրեց նոր մրցաշրջանի նախապատրաստական փուլի շրջանակում՝ մրցելով «Էրեբունու» հետ: Տիգրան Եսայանի ֆուտբոլիստները հաղթեցին 2:0 հաշվով: Գոլերի հեղինակներ դարձան Կարեն Հարությունյանն ու Վազգեն Երանոսյանը:
Օգոստոսի 7-ին մեկնարկելիք Առաջին խմբի առաջնությունում «Արցախը» հյուրընկալվելու է «Ալաշկերտ 2»-ին: