ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի — Sputnik. «Միջազգային բանակային խաղեր 2017»-ն անց է կացվում 5 երկրների` Ռուսասատանի, Ադրբեջանի, Ղազախստանի, Բելառուսի և Չինաստանի 21 զորավարժարաններում։
Բացման արարողությանը ներկա է գտնվել նաև ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
Հայկական բանակի թիմն այս ռազմական մրցումներում ներկայացված է 75 հոգանոց խմբով։ Հայ զինծառայողներն իրենց ուժերը կչափեն «Տանկային բիաթլոն» մարզաձևում, զուգահեռաբար իրենց հմտությունները կստուգեն սակրավորները, հետախույզներն ու դիպուկահարները։ Առաջին անգամ խաղերին մասնակցում են Իսրայելը, Սիրիան, Ուզբեկստանը և Մարոկոն։
Միջազգային բանակային խաղերը կտևեն մինչև օգոստոսի 12-ը, իսկ օգոստոսի 5-ին մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանում կհայտարարվի նաև Հայաստանի օր, որի ընթացքում կհնչեն հայկական երգն ու պարը, կներկայացվի հայկական մշակույթը։