ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի — Sputnik. Թուրքիայի Ստամբուլ քաղաքում տեղացած հզոր կարկուտից անմիջապես հետո Աթաթուրքի անվան օդանավակայանում ներկաները նկարահանել և համացանցում տեղադրել են տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է օդաչուն վայրէջք կատարում կարկուտից ավերված առաջնամասով ինքնաթիռով:
Տեղական լրատվամիջոցների հաղորդումների համաձայն՝ A-230 ինքնաթիռը պատկանել է թուրքական Atlas Global ավիաընկերությանը և իրականացնելիս է եղել Ստամբուլ- Էրջան (Հյուսիսայի Կիպրոս) չվերթը, երբ 1200 մետր բարձրության վրա խնձորի մեծության կարկուտը կոտրել է օդաչուների խցիկի ապակին և ցանցի վերածել ինքնաթիռի առաջնամասը:
121 ուղևորի և անձնակազմի 6 անդամների կյանքը փրկելու համար օդաչու Ալեքսանդր Ակոպովը որոշում է կայացրել վերադառնալ ու վայրէջք կատարել Աթաթուրքի օդանավակայանում:
Ըստ լրատվամիջոցների՝ օդաչու Ակոպովը Ուկրաինայի քաղաքացի է, ունի 30 տարվա աշխատանքային փորձ:
Աթաթուրքի օդանավակայանում ականատեսների արձանագրած կադրերից պարզ է դառում, որ հայ օդաչուի հերոսական քայլը ծափերով ու հիացական բացականչություններով են ողջունել, թեև մինչ վայրէջքի պահը կասկածում էին, որ դա նրան կհաջողվի: