Լաուրա Սարգսյան, Sputnik
Հայ զինծառայողների մասնակցությունը ՆԱՏՕ-ի հովանու ներքո անցկացվող Noble Partner բազմազգ զորավարժություններին Երևանի փորձագետները դրական են գնահատում: Հայաստանը դրանցում ներկայացված է բժշկական վաշտի երեք զինծառայողներով:
«Մի կողմից, Noble Partner-ին մասնակցելը ցույց է տալիս, ՀԱՊԿ անդամ Հայաստանի փոխգործակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքի հետ զարգանում է, մյուս կողմից` մատնանշում է ռազմական ոլորտում հայ-վրացական համագործակցությունը», — Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասաց Վրաստանի հարցերով փորձագետ, Հայաստանի պետական կառավարման ակադեմիայի տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Ջոնի Մելիքյանը։
Նրա խոսքով` Հայաստանի մասնակցությունը զորավարժություններին, թեև այն ներկայացված է փոքր թվով, ևս մեկ անգամ ընդգծում է տարածաշրջանում և աշխարհում կայունության և անվտանգության ապահովմանն ուղղված բոլոր նախագծերին մասնակցելու Երևանի ցանկությունը: Հայ զինծառայողներն այսօր ակտիվ մասնակցություն ունեն ՆԱՏՕ-ի և ՄԱԿ-ի հովանու ներքո գտնվող խաղաղապահ առաքելություններում:
Հայաստանը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ ոչ միայն օգտվում է տարածաշրջանային կայունության պտուղներից, այլև իր ներդրումն է ունենում դրա ապահովման համար:
Noble Partner 2017 բազմազգ զորավարժությունները պաշտոնապես կմեկնարկեն հուլիսի 30-ին Վազիանիի ռազմական օդանավակայանում: Ակտիվ փուլը կավարտվի օգոստոսի 12-ին ցուցադրական զորավարժություններով, որոնք տեղի կունենան 11-րդ հրաձգարանում: Զորավարժությունները` տարածաշրջանի յոթ երկրներում անցկացվող ԱՄՆ եվրոպական հրամանատարության սևծովյան վարժանքների մի մասն են կազմում:
Զորավարժությունների նպատակն է բարձրացնել մարտունակությունը, զինծառայողների համատեղելիությունը ՆԱՏՕ-ի ստորաբաժանումների և գործընկեր-երկրների հետ, ինչպես նաև զարգացնել տարածաշրջանային և մասնավոր բազմազգ համագործակցության հնարավորությունը։
Անցյալ տարի բազմազգ զորավարժություններին ներգրավվել է 1300 զինծառայող, որից 650-ն ԱՄՆ-ից, 150-ը` Մեծ Բրիտանիայից և 500-ը` Վրաստանից:
Առաջին անգամ կիրառվել էին ամերիկական M1A2 Abrams տիպի տանկեր, որոնք զորավարժությունների ժամանակ թիրախային հարվածներ էին հասցնում պայմանական հակառակորդի ռազմական տեխնիկային: Ինչպես նաև առաջին անգամ գործարկվել է Վրաստանում ստեղծված Medevac բժշկական տարհանման ավտոմեքենան:
Այս տարի զորավարժություններն ավելի զանգվածային են դարձել. դրանց կմասնակցեն ավելի քան 2800 զինվորականներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Գերմանիայից, Սլովենիայից, Թուրքիայից, Ուկրաինայից, Հայաստանից և Վրաստանից:
Զորավարժությունների ժամանակ առաջին անգամ կօգտագործվեն նաև գերմանական «Բոքսյոր» զրահատրանսպորտյորը, ամերիկյան «Աբրամս» տանկերը, հետևակի «Բրեդլի» և «Սթրայքեր» տեսակի մարտական մեքենաները», ինչպես նաև С-130 ամերիկյան ռազմական ինքնաթիռը:
Noble Partner զորավարժություններն առաջին անգամ Վրաստանում անցկացվեցին 2015 թվականին: Այն ժամանակ հայկական կողմը մասնակցում էր որպես դիտորդ: