ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Ներկայում Արգենտինայում ապրում է մոտ հարյուր հազար հայ: Նրանք ամերիկյան հարավային մայրցամաքում են հայտնվել առավելապես հայոց ցեղասպանությունից հետո: Արգենտինայում հայերն ակտիվ են հասարակական ու քաղաքական օղակներում: Նրանք լուրջ հեղինակություն ու վստահություն են վայելում օտարի աչքում: Չեն մոռանում նաև հայկական հարցն արգենտինյան օրակարգում պահել:
Օրինակ՝ հայտնի բժիշկ-վարակաբան Դանիել Ստամբուլյանը Sputnik Արմենիայի հետ բացառիկ զրույցում հայտնել էր՝ փոքրուց ծնողներից լսել է հայերի ջարդերի ու փախուստի մասին, դրա համար էլ իր կյանքի նպատակն է համարում ցեղասպանության միջազգային ճանաչումը:
Հենց Ստամբուլյանի անմիջական մասնակցությամբ Հռոմի Ֆրանցիսկոս պապը ժամանեց Հայաստան:
«Դուք գիտեք, որ Հռոմի պապն Արգենտինայից է, և արգենտինահայերը շատ լավ հարաբերություններ ունեն Ֆրանցիսկոս պապի հետ, իրենց լոբբին, դերը շատ մեծ է եղել, որ նա արտասաներ «20-րդ դարի առաջին ցեղասպանություն» եզրույթը: Ասեմ, որ 45 հոգանոց խումբ է կազմվել, որոնց մեջ կան նաև հրեաներ ու մահմեդականներ: Նրանք ցեղասպանության հարցն են բարձրացրել ու խրախուսել Պապին, որ աջակցի ճանաչմանը»,-դեռևս Հռոմի պապի ժամանումից օրեր առաջ մեզ հետ զրույցում հայտնել էր արգենտինահայ բժիշկը:
Արգենտինայում սիրված ու գնահատված է նաև կոմպոզիտոր, ջութակահար Բուենոս Այրեսի կոնսերվատորիայի պրոֆեսոր Ալիսիա Թերզյանը: Նրա պապերը ևս գաղթել են Արևմտյան Հայաստանից:
«Հայրիկս, մայրիկս, մեծ մայրիկս հայոց ցեղասպանությունից հետո ստիպված եղան Արգենտինա գալ: Մեծ մայրիկս պատմում էր, թե ինչպես են փախել ջարդերից: Մեծ պապս խոշոր գումար է տվել մի քրդի, որ օգնի փրկել գոնե մեկ Թերզյանի: Իսկ մեծ մայրիկս տվել է իր բոլոր ոսկիները: Բայց մեծ պապիս սպանել են հենց հորս աչքերի առաջ: Իսկ մայրս ու հայրս ծանոթացել են Արգենտինայում»,-պատմեց Ալիս Թերզյանը:
Թերզյանը ևս ակտիվորեն պայքարում է հայոց ցեղասպանության ճանաչման համար: Մոտ երկու տարի առաջ նրա անունը հերթական անգամ հիշատակվեց մամուլում ոչ միայն որպես երաժիշտ, այլև հայրենասեր: Նա կոչ էր անում արգենտինահայերին մերկացնել թուրք հասարակության իրական պատկերը և այլ տեսանկյունից անդրադառնալ թուրքական հայտնի «Հազար ու մի գիշեր» հեռուստասերիալին, որը մեծ մասսայականություն էր վայելում այդ երկրում ու պատմական ապատեղեկատվություն տարածում:
«Կարծում եմ` բազմաթիվ միջոցներ կան պայքարելու, որպեսզի ճանաչվի Հայոց ցեղասպանությունը, առաջին հերթին` հենց Հարյուրամյա տարելիցին ընդառաջ, երբ բոլորս սպասում ենք Ցեղասպանության ճանաչմանը ոչ թե Թուրքիայի, այլ ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրների կողմից, որոնք դեռ չեն ճանաչել այն»,-գրել էր նա տարածած հաղորդագրության մեջ:
Ալիսիա Թերզյանը պատմեց՝ առաջին անգամ Հայաստան է եկել 70-ականներին: Հիմա էլ կցանկանա ժամանել Հայաստան, բայց ոչ թե որպես զբոսաշրջիկ, այլ որպես արվեստագետ:
«Կարծում եմ, որ Հայաստանը շատ փոխված է: Կցանկանայի ճանաչել ինտելեկտուալ, մշակութային Հայաստանը, ծանոթանալ երիտասարդ երաժիշտների հետ»,-պատմեց երաժիշտը:
Չնայած վերջին շրջանում նրան Հայաստան չեն հրավիրել համերգների մասնակցելու համար, բայց դեռ հույս ունի, որ դա էլ կիրականանա: Այս առաջարկով նա նաև կոչ է անում Հայաստանում Արգենտինայի դեսպանին իրագործել նման ծրագրեր:
Արգենտինահայ հայտնի նկարիչ է Էդվարդո-Տիգրան Մուրեկյանը: Առաջին անգամ նա Հայաստան էր ժամանակ 1990-ականներին: Հետո առիթ ունեցավ լրատվամիջոցներին խոստովանել` հիվանդ է Երևանով: Նա իր գործունեությունը տարածեց նաև Իսպանիայում` այնտեղ ստեղծելով հայ նկարիչների պատկերասրահ:
Արգենտինայում ապրող հայ համայնքը համարվում է երկրի ամենակազմակերպված և բարեկեցիկ ազգային փոքրամասնություններից մեկը: Արգենտինայում մեծ համբավ ունեն նաև Արդարադատության նախկին նախարար, Բուենոս Այրեսի անվտանգության նախկին նախարար Լեոն Կարլոս Արսլանյանը, նկարիչ Խորխե Դեմիրջյանը, թենիսիստ Դավիթ Նալբանդյանը և այլք: