ԵՐԵՎԱՆ, 24 Հուլիս — Sputnik. Ջրասուզակներին րոպեներ առաջ հաջողվել է ջրից դուրս բերել ջրահեղձ եղած քաղաքացու դին: Այս մասին տեղեկացրեց ՀՀ ԱԻ Շիրակի մարզի փրկարարական վարչության պետ Արթուր Կարապետյանը:
Ժամը 14:25-ին ջրափրկարարները Կառնուտի ջրամբարի արևմտյան հատվածում գտնվող արհեստական լճում հայտնաբերել են ջրահեղձված՝ 1981 թ. ծնված Կ. Գ.-ի դին և դուրս բերել: Վերջինս Կառնուտ գյուղի բնակիչ էր: «Գտնվել է, մոտավորապես, ջրամբարի մեջտեղի հատվածում, հավանաբար, ջուրն է տեղաշարժել նրան: Այս պահին դիակը դուրս է բերվել, սպասում ենք քննիչների ժամանմանը»,-նշեց պատասխանատուն։
Ինչպես արդեն տեղեկացրել էինք, հուլիսի 24-ին, ժամը 00:17-ին տեղեկություն էր ստացվել, որ 1981 թ. ծնված Կ. Գ.-ը մեկնել է Շիրակի մարզի Կառնուտի ջրամբար և չի վերադարձել։
Դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ և մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:
Ժամը 03:03-ին մթության պատճառով և եղանակային պայմաններից ելնելով որոնողական աշխատանքները դադարեցվել են և վերսկսվել են առավոտյան ժամը 10:40-ին: