ԵՐԵՎԱՆ, 22 հուլիսի-Sputnik. Ստաս Նազարյանը սիրեց սպորտն ու անձնվիրաբար նվիրվեց դրան, անկախ այն հանգամանքից, որ սպորտային հաջողությունները պետք է գրանցեր մեկ ոտքով: Նազարյանը հաշմանդամություն ստացավ Սպիտակի երկրաշարժի ժամանակ: Դրանից հետո սկսեց սպորտով զբաղվել, որ և՛ բազուկներն ամուր լինեն, և՛ միտքն ու ուժը: Ստասը սկզբում զբաղվեց լեռնադահուկային, հետո առագաստանավային սպորտով: Նա մի քանի անգամ մասնակցեց նաև պարալիմպիկ խաղերին: Հիմա էլ փորձում է անվասայլակային վազքը:
Արդեն չորս տարի է, ինչ նա իր ընտանիքի հետ մասնակցում է «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթին:
«Այս անգամ վեց սպորտաձևից հինգում հաղթող ճանաչվեցինք: Կարևոր միջոցառում է մեզ համար, հավասարաչափ շփվում ու ընկերանում ենք բոլորի հետ»,-պատմեց Նազարյանը:
Երևանի թիմից էլ ներկա էր ամենաշատ թվով երեխա ունեցող ընտանիքը: Ծնողների հետ հինգ զավակները պայքարեցին ու հաղթեցին բասկետբոլի մրցումներում: Ընտանիքի հայրը՝ Հայկ Բալյանը, պատմեց, որ 2013 թվականին հաղթող ճանաչվելուց երկու տարի անց ընտանիքին նախագահ Սերժ Սարգսյանը չորս սենյականոց բնակարան է նվիրել:
«Մրցումն ավարտվում է, կրկին ամբողջ տարին պատրաստվում ենք: Ես դպրոցում եմ աշխատում, երեխաներին մարզելուց ես էլ եմ մարզվում ու պատրաստվում մրցմանը, մեծ պատիվ է մեզ համար, սպորտի մեջ մենք մեզ զգում ենք ոչ թե ծերացած, այլ հաղթանակի ձգտող մարդիկ»,-ասաց նա:
«Լավագույն մարզական ընտանիք-2017» մրցույթն անցկացվել է երեք փուլերով, չորս տարիքային խմբերով, 6 մրցաձևերում: Մրցույթի 1-ին փուլին Արցախից, Երևան քաղաքից և ՀՀ 10 մարզերից մասնակցել է 1516 ընտանիք: Եզրափակիչ փուլ է անցել 144 ընտանիք: Մրցույթի եզրափակիչ փուլում այս տարի մասնակցել է նաև հաշմանդամություն ունեցող 23 ընտանիք՝ Հանրապետության մարզերից, Երևան քաղաքից և Արցախից:
«Ուզում եմ, որպեսզի բոլորդ նայեք այս երեխաների աչքերին. տեսեք՝ ինչքան լույս է ճառագում, տեսեք՝ ինչքան վստահություն և ուրախություն կա, ուրեմն այն, ինչ որ կատարվում է, տեղին է, անհրաժեշտ է, և մենք պետք է մեր հանրապետությունում, պրոֆեսիոնալ սպորտի հետ զուգահեռ, մշտապես նպաստենք զանգվածային միջոցառումների անցկացմանը»,-ասաց նախագահ Սարգսյանը:
Արդեն վեցերորդ անգամ «Լավագույն մարզական ընտանիք» մրցույթի հաղթող ճանաչվեց Երևանի թիմը: Երկրորդ տեղում հայտնվեցին Կոտայքի, իսկ երրորդում՝ Շիրակի թիմերը: Առաջին տեղը զբաղեցրած ընտանիքները պարգևատրվեցին 500-հազարական, 2-րդ տեղը զբաղեցրածները՝ 400, իսկ 3-րդ տեղը զբաղեցրածները՝ 300-հազարական դրամներով: