ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը զեկուցել է նախագահի հանձնարարականների կատարման ընթացքի մասին՝ անդրադառնալով սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված աշխատանքներին և ոլորտում ակնկալվող համակարգային փոփոխություններին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ նախագահի մամուլի ծառայությունից։
Նախարար Ասատրյանը կենսաթոշակների, նպաստների և դրամական այլ վճարների ոլորտում իրականացված աշխատանքների հետ կապված ներկայացրել է հատկապես կենսաթոշակառուների տվյալների ճշտման (ցուցակների մաքրման), ոլորտի տեղեկատվական ենթակառուցվածքների կատարելագործման, առանձին կատեգորիայի զինծառայողներին և նրանց ընտանիքների անդամներին տրվող գումարների բարձրացման ուղղությամբ կատարված աշխատանքները: Նախարարը նշել է նաև, որ ծախսերի հասցեականությունը բարձրացնելու նպատակով վերանայվել են ժամանակավոր անաշխատունակության, հղիության և ծննդաբերության նպաստների նշանակման (վճարման) պայմաններն ու կարգը:
Սերժ Սարգսյանը հանձնարարել է արագացնել աշխատանքներն աշխատանքային ստաժի հաշվառումը ևս հստակեցնելու, հնարավոր պատահական կամ միտումնավոր սխալները նվազեցնելու, պատասխանատվությունը բարձրացնելու, ինչպես նաև քաղաքացիներին առցանց մատուցվող սոցիալական ծառայությունների շրջանակը ընդլայնելու ուղղությամբ:
Արտեմ Ասատրյանը զեկուցել է, որ արմատապես վերանայվում են ընտանիքի անապահովության գնահատման և սոցիալական աջակցության տրամադրման մեթոդաբանությունն ու մոտեցումները, որի հիմքում ընկած է ընտանիքի յուրաքանչյուր աշխատունակ անդամի զբաղվածության ապահովումն ու սոցիալական աջակցության ծրագրերի հասցեականության բարձրացումը:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի զեկույցը ներառել է նաև բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում ձևավորվող նոր համակարգի ուղղությամբ իրականացվող աշխատանքը, որը նախատեսում է փաստաթղթային փորձաքննության եղանակով հաշմանդամության սահմանում, հաշմանդամության նոր մոդելի կիրառում, ինչը հնարավորություն կտա ներդնել հիվանդությունը հաշմանդամությունից տարանջատող չափորոշիչներ և գնահատված կարիքի հիման վրա տրամադրել անհրաժեշտ վերականգնողական ծառայություններ:
Անդրադառնալով երեխաների պաշտպանության ոլորտում իրականացվող բարեփոխումներին՝ նախարար Ասատրյանը նշել է, որ մինչև 2017թ. ավարտը նախատեսվում է վերակազմակերպել նախարարության համակարգի 6 շուրջօրյա խնամքի հաստատությունները՝ դրանք դարձնելով երեխայի և ընտանիքի աջակցման ցերեկային կենտրոններ:
Նախարարը զեկուցել է նաև, որ ներկայումս հիմնովին փոփոխության է ենթարկվում աշխատանքային օրենսգիրքը, աշխատանքներ են իրականացվում ժողովրդագրական իրավիճակի դրական միտումների պահպանման և բացասական միտումների կանխարգելման նպատակով անհրաժեշտ ինստիտուցիոնալ հիմքերի ձևավորման ուղղությամբ՝ ի կատարումն անցյալ տարեվերջին Հանրապետության նախագահի կողմից Ազգային անվտանգության խորհրդի նիստում ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և դրա իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի (2009-2035թթ.) իրականացման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ տրված հանձնարարականի:
Նախագահի հետ աշխատանքային հանդիպմանը Արտեմ Ասատրյանը ներկայացրել է սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերի հասցեականությունն ու արդյունավետությունը բարձրացնելու նպատակով նախատեսվող ծրագրերը ևս, որոնք ենթադրում են նոր տեղեկատվական տեխնոլոգիաների, ինքնաշխատ համակարգերի և մոնիթորինգի ու գնահատման համակարգի ամբողջական ներդրում: