ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի – Sputnik. Շախմատային մտածելակերպն ու սերն այդ ինտելեկտուալ խաղի հանդեպ հայերի գեների մեջ է, կարծում է Արևմտյան Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Ռադիկ Խամոյանը։
Հուլիսի 20–ին նշվում է Շախմատի միջազգային օրը (International Chess Day), հենց այդ օրվան ընդառաջ է ստեղծվել Արևմտյան Հայաստանի շախմատի ֆեդերացիան։
«Մենք հպարտանալու տեղ ունենք, հայերն այնպիսի չեմպիոնների են տվել, ինչպիսին է Տիգրան Պետրոսյանը։ Մենք՝ արևմտահայերս, հասկացանք, որ պետք է Շախմատի ֆեդերացիա ունենանք»,– նշեց Խամոյանը։
Նրա խոսքով` Ֆեդերացիայի ներկայացուցիչները դեմ չէին լինի շախմատ խաղալ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։
Արևմտյան Հայաստանի Շախմատի ֆեդերացիայի պատասխանատու քարտուղար Վահան Բաբախանյանը նշեց, որ Սփյուռքի հայերը չունեն խորհրդարան, որը կկարողանար միավորել հայրենիքից դուրս ապրող հայրենակիցներին։ Դրա համար էլ հանդես եկան շախմատի ֆեդերացիա ստեղծելու նախաձեռնությամբ։ Նրա խոսքով` շախմատը նույնպես կարող է միավորել ժողովրդին։
«Մենք Facebook–ում հայտարարություն տեղադրեցինք, որպեսզի հավաքենք ամբողջ աշխարհի սիրողական շախմատիստներին, 40 մարդ արձագանքեց։ Ամենափոքրը 12 տարեկան է, ամենամեծը` 76»,– ասաց Բաբախանյանը։
Նրա նշեց, որ հուլիսի 15–16–ը Ֆեդերացիայի անդամները մասնակցեցին օնլայն–մրցաշարին։ Ամենալավ արդյունքները ցուցադրած մարտիկները հատուկ հավաստագրեր ստացան։
«Սփյուռքում շախմատի ֆեդերացիա չկա։ Շախմատի ֆեդերացիան, ինչպես նաև Խորհրդարանը, յուրահատուկ լակմուսի թուղթ է։ Դրանով կարելի է դատել այս կամ այն կազմակերպության մակարդակի մասին»,– նշեց Բաբախանյանը։
Շախմատի ֆեդերացիան ստեղծված է ոչ միայն արևմտահայերի համար, այլև բոլոր ցանկացողների, այդ թվում` ոչ հայերի։
Բաբախանյանի խոսքով` տվյալ պահին բանակցություններ են գնում Հայաստանի շախմատի ֆեդերացիայի հետ` նրա կազմում ընդգրկվելու համար։