ԵՐԵՎԱՆ, 20 հուլիսի — Sputnik. PicsArt ֆոտոխմբագրման առաջատար հավելվածն ու ստեղծարար սոցիալական ցանցն այսօր հայտարարել է սուպերմոդել և բարերար Նատալյա Վոդյանովայի՝ PicsArt-ի թիմին միանալու մասին։ Որպես Նվաճումների տնօրեն՝ Նատալյան ստեղծարար միջոցներով զարգացման նոր հնարավորություններ կառաջարկի եւ կոգեշնչի PicsArt համայնքին։ Նատալյա Վոդյանովան ընդգրկվել է նաև PicsArt-ի խորհրդատվական խորհրդի կազմում։
«Նատալյան տարիներ շարունակ ոգեշնչում է աշխարհին իր նորաձևության և սոցիալական գործունեությամբ: Նա նորաձևության և բարեգործության ասպարեզում տարիների իր հարուստ փորձը կհամադրի PicsArt-ի ամսական 90 միլիոն ակտիվ օգտատեր ունեցող համայնքի ստեղծարարության հետ»,- նշել է PicsArt ընկերության գլխավոր տնօրեն Հովհաննես Ավոյանը::
Նատալյա Վոդյանովան ստեղծագործական միտքը դիտարկում է որպես հզոր ու համախմբող գործիք, որը կոչված է ուրախ և գրավիչ ձևով մարդկանց միավորել սոցիալական խնդիրների շուրջ: Նատալյան հիմնադրել է Elbi բարեգործական թվային հարթակը, որը բարեգործական միջոցներ ներգրավելու առաքելություն ունի եւ խրախուսում է օգտատերերի ստեղծարար ակտիվությունը բարեգործական միջոցառումներում։
«Ես ոգևորված եմ լինել այն համայնքի մասնիկը, որտեղ միլիոնավոր մարդիկ համախմբված են համատեղ ստեղծագործելու ու նկարներով կիսվելու գաղափարի շուրջ։ PicsArt-ի օգտատերերը համատեղ օրական ստեղծում են միլիոնավոր նկարներ, որն ավելի գնահատելի է, քան սոցիալական ցանցերում զուտ նկարներ թերթելն ու հավանելը։ Այստեղ ես հստակ տեսնում եմ հանրության ուշադրությունը կարեւոր սոցիալական խնդիրների շուրջ համախմբելու հնարավորությունը», նշել է Նատալյա Վոդյանովան: «Ես միանում եմ PicsArt-ին, քանի որ հավատում եմ, որ մարդիկ առավել ստեղծարար են, երբ ունեն ինքնաարտահայտման ազատություն ու կարեւոր առաքելություն, որի համար էլ ստեղծագործում են», ավելացրել է Վոդյանովան։
Նատալյան մասնակցել է PicsArt-ի #TreeOfLife կրծքով կերակրման խրախուսական նախաձեռնությանը, որը շատ արագ տարածվել էր ու մեծ աղմուկ ստեղծել համացանցում։ Նատալյան և տասնյակ հազար այլ մայրեր կրծքով կերակրման նկարները վերածեցին արվեստի գործերի ու տարածեցին համացանում: