ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Ռիո դե Ժանեյրոյի օլիմպիադայի կրկնակի չեմպիոն Յանա Եգոյանը կարծում է, որ Ռուսաստանի պատանիների հավաքականի նոր մարզահագուստը սարսափելի է: Այս մասին գրում է «Чемпионат»-ը։
Ռուսաստանի պատանիների հավաքականը Zasport ընկերության ներկայացրած նոր մարզահագուստով հուլիսի վերջին կուղևորվի Եվրոպայի պատանեկան օլիմպիական փառատոն, որը կանցկացվի Հունգարիայում։ Մարզահագուստի հիմնական գույնը մոխրագույնն է։ Ռուսաստանի մասին հիշեցնում են միայն ազգային դրոշի գույներով ուղղահայաց գծերը:
«Նոր համազգեստն ինձ չտպավորեց ու չհետաքրքրեց։ Bosco-ն երեք տարի բան չէր փոխում, բայց նախորդ համազգեստը մեզ ավելի շատ էր սազում։ Աղջիկներից շատերը նույնիսկ մրցումներից դուրս էին հագնում այն։ Մեր երկիրը պետք է վառ տեսք ունենա», — ասել է Եգոյանը։
Մարզիկը նշել է, որ օլիմպիական համազգեստը պետք է լինի հարմար և որակյալ։ Նրա խոսքով՝ Bosco-ի հագուստը գեղեցիկ էր, բայց ոչ վստահելի։
Ավելի վաղ Օլիմպիական կոմիտեն հրաժարվել էր Bosco-ի ծառայություններից, որը 2002 թվականից Ռուսաստանի Օլիմպիական կոմիտեի հանդերձանքի պաշտոնական մատակարարն էր, և 8 տարվա պայմանագիր էր կնքել Zasport ընկերության հետ, որի ղեկավարն է դիզայներ Անաստասիա Զադորինան։