ԵՐԵՎԱՆ, 16 հուլիսի — Sputnik. Հայ ժողովրդի դարավոր անցյալի ու մշակութային ինքնատիպ ժառանգության վերհանման, մեկնաբանման, ուսումնասիրման ու հանրահռչակման գործում իրենց անգնահատելի ավանդն ու ներդրումն ունեցած մեծանուն հայագետների՝ Ղևոնդ Ալիշանի, Նիկողայոս Մառի, Թորոս Թորամանյանի, Նիկողայոս Ադոնցի և այլոց շարքում իր արժանի տեղն ունի նաև պատմաբան, հնագետ, վիմագրագետ, թանգարանագետ Կարո Ղաֆադարյանը:
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, Հայաստանի ազգային ագրարային համալսարանում, հուլիսի 17-ին նախաձեռնել է «Խոսրով Կոտակից մինչև Կարո Ղաֆադարյան» հանրապետական գիտաժողով` նվիրված մեծանուն գիտնականի ծննդյան 110-ամյա հոբելյանին:
«1936-1939 թթ. Ղաֆադարյանը կազմակերպել է «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի առաջին գիտական ցուցադրությունը: Ցավոք, լուսանկարներ չունենք պահպանված, փոխարենը կան ձեռքով արված գծանկարներ, որոնք արտացոլել են այդ ցուցադրությունը», — Sputnik Արեմենիայի հետ զրույցում ասաց «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի գիտնական քարտուղար Աշոտ Փիլիպոսյանը:
Ներկայացնելով անվանի գիտնականի կենսագրությունը` Փիլիպոսյանը նշեց, որ 1940-1964 թթ. Ղաֆադարյանը ղեկավարել է Հայաստանի պատմության պետական թանգարանը` այն դարձնելով երկրի կարևոր գիտամշակութային կենտրոններից մեկը:
Կարո Ղաֆադարյանի որդին` ճարտարապետ Կորյուն Ղաֆադարյանն էլ խոսեց իր կենսագրության մեջ հոր թողած ուսանելի հետքի մասին, պատմեց, որ գիտությանն ու մշակույթին հաղորդակից է եղել փոքր տարիքից: Ավելին` պատանի հասակում հոր հետ «մասնակցել» է հնագիտական պեղումներին:
Կարո Ղաֆադարյանը հավաքել, խմբագրել ու տպագրության է հանձնել հայկական հին և միջնադարյան ճարտարապետության գիտական ուսումնասիրության հիմնադիր, ճարտարապետ Թորոս Թորամանյանի ժառանգության զգալի մասը: 1946-1976 թթ. նա ղեկավարել է Դվինի արշավախումբը, իսկ 1946 թ. դարձել այդ արշավախմբի անփոփոխ ղեկավարը մինչև մահը՝ 1976 թ.: Անվանի գիտնականը համարվում է Հայաստանում թանգարանային ցուցադրությունների գիտական նախագծման հիմնադիրը: Նա մասնակցել է նաև Վաղարշապատի, Ամբերդի պեղումներին, հետախուզական աշխատանքներ իրականացրել Կարմիր բլուրում:
Ղաֆադարյանական հնագիտական դարբնոցում իրենց առաջին գիտական մկրտությունն են ստացել ճանաչված գիտնականներ Արամ Քալանթարյանը, Հռիփսիմե Ջանփոլադյանը, Իգիթ Ղարիբյանը, Ժենյա Մուշեղյանը, Ֆրինա Բաբայանը, Աղավնի Ժամկոչյանը, Նյուրա Հակոբյանը և ուրիշներ:
Ղաֆադարյանի ծննդյան 110-ամյակին նվիրված գիտաժողովին զեկուցումներով հանդես կգան Մուրադ Հասրաթյանը, Լևոն Աբրահամյանը, Աշոտ Փիլիպոսյանը, Ֆրինա Բաբայանը, Նյուրա Հակոբյանը, Հայկ Ավետիսյանը և այլք: