ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի — Sputnik. 2016/17 մրցաշրջանի գերազանց ընթացքը մեծացրեց Մխիթարյանի, ինչպես նաև հայկական ֆուտբոլի համբավը, երբ նա օգնեց իր թիմին անգլիական լիգայի գավաթում, Սուպերգավաթում և Եվրոպա լիգայում: Այս մասին գրում է «Marca» պարբերականը:
Ըստ հոդվածագրի՝ մրցաշրջանի ընթացքում խփած 11 գոլերով նա «կարմիր սատանաների» երկրորդ լավագույն ռմբարկուն դարձավ` Զլատան Իբրահիմովիչից հետո, մինչդեռ 28-ամյա ֆուտբոլիստը նաև 5 փոխանցման հեղինակ է դարձել:
«Գոլեր հեղինակելով «Սենթ-Էթիենի», «Ռոստովի», «Անդերլեխտի» և «Այաքսի» հետ խաղերում` Հայաստանի հավաքականի ավագն իր ազգին դրեց քարտեզի վրա` դառնալով Հայաստանի առաջին ֆուտբոլիստը, որը նվաճում է եվրագավաթային մրցաշարի տիտղոս»,- գրում է «Marca»-ն:
Իսպանական պարբերականը նշում է, որ նա այժմ 18 տիտղոս է նվաճել 4 երկրներում` Հայաստանում, Ուկրաինայում, Գերմանիայում և Անգլիայում, և նա առհասարակ մտադրություն չունի կանգ առնել այսքանով:
2017/18 մրցաշրջանը կարևոր կլինի Մխիթարյանի և նրա թիմի համար, քանի որ «Մանչեսթեր Յունայթեդը» վերադառնում է Չեմպիոնների լիգա: