ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի — Sputnik. Պաշտպանության, կրթության և գիտության նախարարները, հանրային քննարկումներն իրականացնողները, ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի կուրսանտները, քննարկմանը հրավիրված մի շարք բուհերի ուսանողներ և զորամասերի հրամանատարներ մտքեր են փոխանակել հանրային քննարկումների արդյունքների շուրջ, իրենց տեսակետներն ու առաջարկությունները ներկայացրել: Զեկուցվել են նաև Հայաստանի գրեթե ամբողջ տարածքում անցկացված այդ քննարկումների ժամանակ հանրության տարբեր շերտերից՝ մտավորականներից, ազատամարտիկներից, գործարարներից, լրատվամիջոցների ներկայացուցիչներից, երիտասարդներից, հասարակական կազմակերպություններից ստացված գնահատականները, դիտողություններն ու առաջարկները:
«Կարծում եմ՝ երեք ծրագրերն էլ շատ նորմալ են և լավն են: Այս ծրագրերը միավորում է մի հանգամանք՝ մարդու հանգամանքը. երեքի հիմքում էլ մարդն է՝ այն զինվորն է, այն սպան, որ ապահովել է և պիտի ապահովի մեր երկրի անվտանգությունը»,- ասել է նա:
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել քննարկման բոլոր մասնակիցներին և ընդգծել, որ ներկայացված ծրագրերն ու դրանց հանրային քննարկումների ընթացքը գալիս են ապացուցելու, որ հետևողականորեն իրականացվում է Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զարգացման և ամրապնդման քաղաքականությունը:
«Դիտակետ», «Պատիվ ունեմ», «Ես եմ» ծրագրերը, նախագահի համոզմամբ, կոչված են ստեղծագործաբար լուծելու առկա խնդիրները, որոնք նոր չեն ի հայտ եկել, սակայն նոր և տեղին են առաջարկվող լուծումների մեծ մասը:
Նախագահը խոսել է բանակի մասին` նշելով, որ այն օր-օրի ուժեղանում է: Ձեռք են բերվում նոր զենքեր, նոր զինատեսակներ: Ըստ նրա` այսօր մեր զինված ուժերի հագեցվածությունը, կահավորումն ու հանդերձանքը բավարար մակարդակի վրա են, և բավարար են լուծելու բոլոր այն ռազմական խնդիրները, որ կարող են դրվել մեր բանակի առջև:
«Աշխարհում չկա մի բանակ, որը կունենա բոլոր ժամանակակից զինատեսակները: Չկա՛ այդպիսի բանակ: Ո՛չ ամերիկյան բանակը, ո՛չ ռուսական և ոչ էլ որևէ այլ բանակ չի կարող ասել՝ ես ունեմ բոլոր ժամանակակից զինատեսակները, որովհետև որևէ բանակ, որևէ պետություն ի վիճակի չէ դա անելու: Բայց յուրաքանչյուր բանակ պետք է ունենա բավարար զենք և զինատեսակներ, որպեսզի կարողանա լուծել իր առջև դրված խնդիրները, և դա գնահատվում է ամբողջության մեջ՝ գումարած զինվորի բավարար չափով մարտական ունակությունները»,- ասել է նախագահը։
Սարգսյանի խոսքով` այսօր մեր բանակն ունի բավարար զինատեսակներ, բավարար զենք և զինամթերք, որպեսզի լուծի իր առջև դրված խնդիրները:
«Մենք, իհարկե, չենք մոռանում, որ կռվի դաշտում գլխավոր գործող անձը մարդն է, հայ ռազմիկն է՝ իր մասնագիտական պատրաստվածությամբ, խելամտությամբ և խիզախությամբ: Բազմիցս շատ մարդիկ ասել են, և հիմա էլ ես կրկնում եմ, որ բոլոր այն ճակատամարտերում ու պատերազմներում, որտեղ մենք հաղթել ենք կամ հաջողություն ենք ունեցել, առաջին հերթին հաղթել ենք հենց մարդկային գործոնի շնորհիվ»,- ասել է նախագահը։
«Բավականաչափ քանակի և որակի զենք ու զինամթերք, գումարած խելացի ու աննահանջ մարտիկներ. ահա հաջողության գրավականը, որին ես չեմ կասկածում»,- եզրափակել է նա:

