Սեպտեմբերին, դասերի վերսկսմանը զուգահեռ, Կրթության և գիտության նախարարությունը համալիր ստուգումներ է սկսելու բոլոր այն ուսումնական հաստատություններում, որոնք ներգրավված են եղել կեղծ դիպլոմերի տրամադրման մասին պատմության մեջ։
«Եթե մեկ-երկու մարդ որոշել է կրթությունից փող աշխատել, չի նշանակում, որ մենք մեր հեղինակությունը պետք է դնենք հարվածի տակ։ Դրա համար մենք որոշել ենք, հատկապես Իսրայելի դեպքից հետո, մտնել բոլոր այդ հաստատությունները` շատ լուրջ, համալիր ստուգման` ընդհուպ մինչև գործունեության իրավունքից` լիցենզիայից զրկելը»,– ասաց նախարարը։
Նախարարության ստուգումների նպատակն է պարզել, թե ինչ պայմաններում է հնարավոր դարձել կեղծ վկայականների տրամադրումը, քանի որ, նախարարի համոզմամբ, կեղծ վկայականի տրամադրումը մեկ հոգու ձեռքի գործ չէ։
«Դա նշանակում է մի ամբողջ վերահսկման շղթա, որը պետք է անհնար դարձնի պետական վկայական տալը, չի աշխատում։ Չի կարող որևէ դպրոցի տնօրեն միայնակ խախտել օրենքն ու ատեստատ վաճառել։ Դա նշանակում է, որ առնվազն 5-6 հոգի պետք է տեղյակ լինեն, և շղթա աշխատի»,– նշեց Մկրտչյանը։
Թե քանի կրթական հաստատություն է ընդգրկվելու ստուգումների մեջ նախարարը չնշեց, բայց նշեց, որ դրանք հիմնականում մասնավոր հաստատություններ են և մեկ պետական քոլեջ։
Հիշեցնենք, Հայաստանում տրվող բժշկական կեղծ դիպլոմների մասին հայտնի դարձավ, երբ Իսրայելի առողջապահության նախարարությունը հայտարարեց, որ հայկական բուհերի տված դիպլոմները կեղծ են։
Ավելի ուշ, ԱԱԾ-ում քրեական գործ հարուցվեց մասնավոր մի շարք բուհերի կողմից դասընթացներին չմասնակցած և ավարտական քննություններին չներկայացած անձանց կեղծ դիպլոմներ տրամադրելու վերաբերյալ։ Գործի նախաքննության ընթացքում պարզվեց, որ կեղծ դիպլոմները տրամադրվել են ոչ միայն ՀՀ, այլև օտարերկրյա, այդ թվում՝ Իրանի, ԱՄՆ-ի, Վրաստանի, ՌԴ-ի, Ուզբեկստանի և Իսրայելի մի քանի տասնյակ քաղաքացիների: