Sputnik Արմենիայի ծաղկաքաղում տեղ գտած լուրերը վերաբերում են ֆուտբոլին թենիսին, շախմատին ու օլիմպիական խաղերին։
Խաչիկ Չախոյան, Sputnik.
Ռոբերտո Կառլոսը հայր դարձավ իններորդ անգամ
Հուլիսի 9-ին բրազիլացի հանրահայտ ֆուտբոլիստ Ռոբերտո Կառլոսի ընտանիքում ևս մեկ երեխա ծնվեց: Շատերի համար սա սովորական ուրախալի լուր է, բայց Ռոբերտո Կառլոսի պարագայում, անկասկած, արտասովոր: Հարցը այն չէ, որ աղջիկ է ծնվել: Պարզապես փոքրիկը Կառլոսի իններորդ զավակն է: 44-ամյա բրազիլացին շատ շուտով կարող է հպարտանալ ընտանեկան թիմով: Առաջին ամուսնությունից Ռոբերտոն ուներ երկու աղջիկ և մեկ տղա՝ Ռոբերտան, Ջովանան և Ռոբերտո Կառլոս կրտսերը, Կառլոսը հետևում է նաև այլ կանանցից ծնված Էդուարդոյի, Ռեբեկայի, Քրիստոֆերի, Լուկայի և Մանուելայի կյանքին: Իսկ հիմա հոր իրավունքները կսահմանվեն Մարինայի համար:
Լիոնել Մեսսիի նոր աշխատավարձը՝ նոր ռեկորդ
Լիոնել Մեսսին «Բարսելոնայից» չի հեռանա: Արգենտինացու հեռանալու մասին շատ հոդվածներ են գրվել, ու երբ նշվում էր, որ Մեսսիին ցանկանում է ձեռք բերել Պեպ Գվարդիոլան կամ «Մանչեսթեր Սիթին», այդ տեղափոխությունն անհնարին չէր թվում: Բայց Կատալոնյան ակումբի` Մեսսիի հետ կնքած նոր պայմանագիրը վերջ տվեց նրա հեռանալու հետ կապված և՛ բոլոր հարցերին, և՛ հրապարակումներին: Նոր պայմանագիրը գործելու է մինչև 2021 թվականի հունիսի 31-ը: Արգենտինացին, ըստ նոր պայմանագրի, տարեկան վաստակելու է 30-35 միլիոն եվրո կամ մինչև պայմանագրի ավարտը 120 միլիոն: Մեսսին «թոշակի» կարող է անցնել 34 տարեկան հասակում, չնայած վաղուց պարզ է, որ Լեոն թոշակի չափի մասին մտածելու պատճառ չունի:
Լյուքսեմբուրգցին անհաղթահարելի արգելք Նադալի համար
Թենիսի մեծ սաղավարտի Ուիմբլդոնյան մրցաշարն աստիճանաբար մոտենում է վճռական փուլին: Սպասվում էր հերթական «ներկայացումը» վարկանիշային ցուցակը գլխավորող թենիսիստների միջև: Բայց շաբաթն ուրբաթից շուտ եկավ: Շատ լավ մարզավիճակում գտնվող Ռաֆայել Նադալը քառորդ եզրափակիչ դուրս գալ չկարողացավ` հինգ սեթերում պարտվելով լյուքսեմբուրգցի Ժիլ Մյուլլերին: Իսկ ահա Ռոջեր Ֆեդեռերը 15-րդ անգամ կխաղա Ուիմբլդոնյան մրցաշարի քառորդ եզրափակիչում: Ֆեդեռերը շարունակում է հիացնել իր ինտելեկտուալ թենիսով, իսկ Նադալն արդեն ստիպված է մտածել առաջիկա մրցումների մասին:
Ժնևում առայժմ մեկ հաղթանակ
Շախմատի Գրան Պրի մրցաշարում Լևոն Արոնյանն անցկացրած հինգ պարտիաներից հետո շարունակում է ընթանալ առանց պարտության, բայց միևնույն ժամանակ նաև մեկ հաղթանակով: Հետևաբար հայ գրոսմայստերն առայժմ ունի երեք միավոր ու բաժանում է 2-6-րդ տեղերը ևս երեք շախմատիստների հետ: Հուլիսի 11-ը մրցումներում հանգստյան օր էր հայտարարված: Գուցե հաղթանակները հայ շախմատիստին կուղեկցեն մեկօրյա ընդմիջումից հետո՞: Համենայնդեպս Արոնյանը լավ մարզավիճակում է, և դրա վառ ապացույցն է Norway Chess մրցաշարի հաղթանակը:
Օլիմպիական մայրաքաղաքները կընտրվեն այլ հիմունքներով
Օլիմպիական միջազգային կոմիտեն նոր որոշում է քննարկում, ըստ որի` ամառային և ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաքները կընտրվեն պարզապես ըստ հայտերի հերթականության: Նախապես օլիմպիական խաղերն անցկացնելու համար բավականին մեծ մրցակցություն էր ստեղծվում տարբեր երկրների մի քանի քաղաքների միջև: Ահռելի գումարներ էին ծախսվում նախապատրաստական աշխատանքներ կազմակերպելու, անցկացնելու և դրանք ՄՕԿ-ի անդամներին ներկայացնելու համար: Իսկ հիմա ՄՕԿ-ը պարզապես ցանկանում է իրավունք շնորհել այն քաղաքին, որն առաջինը հայտ կներկայացնի` այսպես ասած հերթի դնելով օլիմպիական խաղերի մայրաքաղաքները: 2020 թվականին Տոկիոյում անցկացվելիք ամառային օլիմպիական խաղերից հետո 2024 թվականի համար պայքարում են Փարիզն ու Լոս Անջելեսը: Եթե որոշումը ընդունվի, ապա այս քաղաքները պարզապես կընդունեն օլիմպիական խաղերը 2024 և 2028 թվականներին: