ԵՐԵՎԱՆ, 10 հուլիսի — Sputnik. Ռուսական GQ ամսագիրը հրապարակել է Ռուսաստանի 2017 թվականի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը, որում ներառվել են նաև հայ գործիչների անունները։
Ռուսաստանի հայտնի մարդկանց` Վլադիմիր Պուտինի, պատրիարք Կիրիլի, Նիկոլայ Պատրուշևի, Ալեքսեյ Միլերի կողքին են հայտնվել նաև հայազգի բարերար Ռուբեն Վարդանյանը, հայտնի հաղորդավար Սաթի Սպիվակովան, «Адская кухня» ու «На ножах» հեռուստաշոուների հաղորդավար Արամ Մնացականովը և գործարար ու ռեստորատոր Ալեքսանդր Օգանեզովը։
Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում ներառվել է 150 մարդ տարբեր ոլորտներից` քաղաքականությունից մինչև մեդիա։
Սաթի Սպիվակովայի մասին պարբերականը գրում է, որ հայտնի մաեստրո Վլադիմիր Սպիվակովի կինն ամրապնդել է առանց այն էլ ունեցած հեղինակությունը։
Գործարար, բարերար և «Սկոլկովոյի» ստեղծման նախաձեռնող Ռուբեն Վարդանյանն իր արժանի տեղն է գրավել Ռուսաստանի ամենաազդեցիկ մարդկանց ցուցակում։
Նա նաև Aurora Prize for Awakening Humanity միջազգային մարդասիրական նախաձեռնության հիմնադիրն է։ Մրցանակը շնորհում են աշխարհը փոխել ցանկացող մարդկանց։ Հայաստանում Վարդանյանը նաև մի շարք համախոհների հետ այլ նախագծեր է իրականացնում IDeA բարեգործական հիմնադրամի շրջանակում։
GQ –ի վարկանիշում են հայտնվել երկու հայտնի ռեստորատորներ Արամ Մնացականովն ու Ալեքսանդր Օգանեզովը։
«Վաղ թե ուշ դա պետք է տեղի ունենար. Պիտերի ամենախարիզմատիկ ռեստորատորը կանխորոշեց իր ապագան` Բեռլինի հենց կենտրոնում` Մայնեկեշտռասեում, Mine գինու ռեստորանը բացելով։ Ռեստորանը ղեկավարում է Մնացականովի որդին` Միխայիլը։ Մոսկվայի և Պիտերի նրա ռեստորաններն էլ շարունակում են մեզ ուրախացնել, իսկ Պիտերում գտնվող Jerome–ը աննկատ դարձավ Պետերբուրգի լավագույն ժամանցային վայրերից մեկը», – գրում է պարբերականը։
Ալեքսանդր Օգանեզովը մի քանի ռեստորանի, այդ թվում հայտնի Cutfish–ի համասեփականատեր է։ Սակայն առանց Cutfish–ի էլ պարզ էր, որ Օգանեզովը ռեստորանային հանճար է. նրա Mi Piace և "Чайхона № 1" ցանցերը դրա վառ ապացույցն են, պնդում է GQ–ն։
Ամսագիրը նշում է, որ անկախ մեր ցանկությունից` հենց ամենաազդեցիկ մարդիկ են որոշում, թե ինչպիսին է լինելու մեր կյանքը վաղը։