Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախաձեռնած քննարկումներն անցկացվել են Իջևանում, Վանաձորում, Գյումրիում, Եղեգնաձորում, Կապանում և Երևանում:
Հանրային քննարկումներին մասնակցել են հասարակության տարբեր շերտերի ներկայացուցիչներ, այդ թվում՝ պաշտոնյաներ: Թևան Պողոսյանը վստահեցնում է՝ պաշտոնյաներից շատերը կարծիք ունեն, բայց չեն կարողանում արտահայտել:
«Քննարկման բացման ժամանակ ես առնվազն 10-15 րոպե ստիպված եմ եղել մի քանի պաշտոնյայի իջեցնել մինչև ՀՀ քաղաքացու մակարդակի: Ասում են՝ դե մենք պաշտոնյա ենք, ո՞նց խոսենք»,- նշեց Պողոսյանը:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի նախագահի խոսքով՝ քննարկումների ժամանակ մարդիկ ազատվում էին բիզնեսմենի, զինվորականի, ուսուցչի կարգավիճակից, և մնում էր Հայաստանի Հանրապետության քաղաքացի տեսակը, որը սկսում էր խոսել:
Նշենք, որ «Պատիվ ունեմ» ծրագրում ընդգրկված անձիք պարտավորվում են ուսումնառության ընթացքում 5 կիսամյակ (2-րդ կուրսի 1-ին կիսամյակից սկսած մինչև 4-րդ կուրսի 1-ին կիսամյակը ներառյալ) յուրաքանչյուր շաբաթ օր (բացառությամբ ուսումնական արձակուրդների ժամանակահատվածը) մասնակցել ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանում կազմակերպվող ռազմական պատրաստության դասընթացներին, ուսումնառության ավարտից հետո ՀՀ զինված ուժերում անցնել սպայական ծառայություն՝ 3 տարի ժամկետով, որպես դասակի հրամանատար մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում:
ՀՀ պաշտպանության նախարարությունը պարտավորվում է ուսումնառության ավարտից հետո անձին ՀՀ զինված ուժերում նշանակել սպայական պաշտոնի՝ ստացած ռազմական մասնագիտացմանը համապատասխան:
Բուհում ուսումնառությունից սահմանված կարգով հեռացված, ինչպես նաև ծրագրի մասնակցությունից հրաժարված (ինչպես ուսումնառության ընթացքում, այնպես էլ՝ ԲՈւՀ-ն ավարտելուց հետո) անձիք դուրս կմնան ծրագրից՝ զրկվելով տարկետման իրավունքից և փոխհատուցելով մինչ այդ ուսանողի և ՀՀ պաշտպանության նախարարության միջև կնքված պայմանագրի հիման վրա ուսումնառության համար վճարված գումարը: