ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի – Sputnik. Հայտնի ռեժիսոր Կարեն Շահնազարովի հորական կողմի նախնիները հայ ազնվական իշխաններ Մելիք-Շահնազարյաններն են, որոնք միջին դարերում իշխել են Լեռնային Ղարաբաղում, իսկ մորական կողմից Շահնազարովը ռուս փիլիսոփա Պավել Ֆլորենցկու սերունդներից է։
1979 թվականին, երբ Շահնազարովն ընդամենը 27 տարեկան էր, նկարահանեց իր դեբյուտային «Բարեսիրտները» ֆիլմը և դարձավ «Մոսֆիլմի» ամենաերիտասարդ ռեժիսորը։
1998-ին «Մոսֆիլմ» կինոստուդիան ճգնաժամից դուրս բերելու նպատակով Շահնազարովը նշանակվեց հարազատ «Մոսֆիլմի» տնօրեն և դարձավ կինոստուդիայի պատմության մեջ ամենաերիտասարդ տնօրենը։
Շահնազարովն ամուսնացել է 3 անգամ: Երկրորդ կինն առանց նրան տեղյակ պահելու վերցրել է փոքրիկ դստերը և մեկնել ԱՄՆ: Երկար տարիներ անց դուստրը ինքն է գտել հորը: Հենց այս ինքնակենսագրական մոտիվներով էլ Շահնազարովը նկարահանել է «Ամերիկյան դուստրը» կինոնկարը:
Շահնազարովը փառատոնում տեսնելով ամերիկացի հռչակավոր ռեժիսոր Սթենլի Կրամերին` թուղթ է պարզում ինքնագրի համար: Կրամերը ստորագրության փոխարեն թղթի վրա գրում է «համբերություն», ինչն էլ դառնում է Շահնազարովի ռեժիսորական գլխավոր սկզբունքը: