ԵՐԵՎԱՆ, 8 հուլիսի — Sputnik, Դավիթ Գալստյան. Պոդոլսկի մերձակայքում ՃՏՊ-ի մեղավոր ճանաչված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանը առաջիկա օրերին Հայաստան կտեղափոխվի և այդտեղ կկրի իր պատիժը։ Այս մասին Sputnik Արմենիային հայտնեցին Ռուսաստանի արդարադատության նախարարությունից:
«Տամբովի շրջանի Ռասկազովսկի շրջանային դատարանի որոշումն այն մասին, որ դատապարտյալ Հարությունյանը պետք է տեղափոխվի Հայաստան, ուժի մեջ է մտել հուլիսի 4-ին: Հայկական կողմին տեղեկացրել ենք դատարանի որոշման մասին», — նշված է հաղորդագրության մեջ:
Ռուսաստանի արդարադատության որոշման պատճենը ստանալուց հետո այն կուղարկվի հայ գործընկերներին: Ինչպես բացատրել են Արդարադատության նախարարությունում, ՌԴ քրեակատարողական օրենսգրքի 391-րդ հոդվածի համաձայն, առաջին ատյանի դատարանի որոշումը կամ սահմանումն ուժի մեջ է մտնում այն բողոքարկելու ժամկետի ավարտից հետո (կամ բողոքարկման դատարանի որոշումը կայացնելուց հետո):
Առաջին ատյանի դատարանի որոշումը մեղադրյալը կարող է բողոքարկել 10 օրվա ընթացքում ռուսական դատարանի վճռի պատճենը ստանալուց հետո (հոդված 389.4):
Հիշեցնենք՝ Հրաչյա Հարությունյանն իր «Կամազ» մակնիշի մեքենայով 2013-ի հուլիսի 13-ին ՌԴ Պոդոլսկի շրջանի մերձակայքում բախվել էր մարդատար ավտոբուսին: Վթարի հետևանքով զոհվել էր 18 մարդ։ Նա դատապարտվել է 6 տարի ու 9 ամիս ազատազրկման: