ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Ադրբեջանը շարունակում է ստահոդ լուրեր տարածել արցախա-ադրբեջանական սահմանին տիրող վիճակի մասին։ Արցախի պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել, որով հերքել է ապատեղեկատվությունը՝ նշելով, որ «Ադրբեջանի ագիտպրոպը կրկին իր տարերքի մեջ է»։
«Այդ ոլորտի մանրահատակային պատասխանատուները նորից անցել են իրենց քաղաքացիական բնակչության թիկունքում կրակակետեր բացազատող «ամենազոր» բանակի այսօր ունեցած երևակայական «հաջողությունները» իրականի փոխարեն մատուցելու և դրանցով սեփական հանրությանը «գոտեպնդելու» ինքնախաբեությանը:
ՊԲ մամուլի ծառայությունն օրվա ընթացքում արդեն երկու անգամ անդրադարձել է շփման գծում տեղի ունեցած դեպքերի իրական զարգացումներին ու նաև հրապարակել հակառակորդի նախահարձակ գործողությունների արդյունքում վիրավորած մեր երեք զինծառայողների անունները: Ինչ վերաբերում է ալիևյան ագիտպրոպի ապատեղեկատվական կերակրամանից սնվող անգլուխների հրապարակումներին առ այն, թե իբր «ադրբեջանական զինուժի թիրախային հարվածներից շարքից հանվել է մեծ քանակությամբ կենդանի ուժ, մի քանի միավոր ռազմական տեխնիկա և ռազմական նշանակության օբյեկտների ենթակառուցվածքներ», ապա դրանք ոչ այլ ինչ են, քան սեփական անզորությունը քողարկելու ճարահատյալ քայլ»,- գրել է Սենոր Հասրաթյանը: