ԵՐԵՎԱՆ, 7 հուլիսի — Sputnik. Միացյալ Նահանգները կոչ է անում Արցախյան հակամարտության կողմերին՝ անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները, հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Հիթեր Նայերթը:
Նա նշել է, որ Միացյալ Նահանգները խորապես մտահոգված է երեքշաբթի Արցախի հակամարտության գոտում տեղի ունեցած հրադադարի խախտմամբ, որի արդյունքում զոհվել են քաղաքացիական անձինք, այդ թվում, հնարավոր է՝ երկու տարեկան երեխա:
«ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի համանախագահների հետ միասին, մենք կոչ ենք անում կողմերին դադարեցնել ռազմական գործողությունները եւ բանակցային սեղանի շուրջ վերադառնալ: Մեր քաղաքականությունն այդ տարածաշրջանում հստակ է՝ այդ հակամարտության միակ կարգավորումը պետք է լինի բանակցությունների միջոցով՝ հիմնվելով միջազգային օրենքի վրա, որն իր մեջ է պարունակում ուժի չկիրառման սկզբունքը, տարածքային ամբողջականությունը եւ ինքնորոշումը»,- հայտարարել է Նայերթը:
Հիշեցնենք, որ հուլիսի 4-ի երեկոյան Ադրբեջանի Ալխանլու գյուղում տեղակայված ռազմակայանից ադրբեջանական զինուժը ՏՌ-107 տիպի համազարկային հրթիռային կայանքներից (5 արկ) կրակ է բացել հարավային ուղղությամբ գործող զորամասերից մեկի հրամանատարական կետի ուղղությամբ՝ 20:48-ին կիրառելով նաեւ 82 միլիմետրանոց ականանետ (3 արկ):
Հակառակորդի նախահարձակ ակտիվությունը ճնշելու համար ՊԲ առաջապահ զորամասերը ստիպված են եղել ձեռնարկել պատասխան գործողություններ, ինչի արդյունքում վնաս է հասցվել Ալխանլու գյուղում տեղակայված կրակակետին: ՊԲ համապատասխան ծառայությունների կողմից տրամադրված հավաստի տվյալներով, հակառակորդն ունի կորուստներ:
Արցախը հայտարարել է, որ տեղի ունեցածի ամբողջ պատասխանատվությունը կրում է պաշտոնական Բաքուն։