ԵՐԵՎԱՆ, 6 հուլիսի — Sputnik. Ընտանիքների անապահովության գնահատումը հասցեականության ու հստակության տեսանկյունից բավարար արդյունավետ չէ, համոզված է վարչապետը։ Նրա խոսքով` դա պայմանավորված է համակարգում անհրաժեշտ տեղեկատվության բացակայությամբ։
«Առկա իրավիճակի կանոնակարգման նպատակով անհրաժեշտ ենք համարում անապահովության գնահատման գործընթացում ուսումնասիրել և հաշվի առնել նաև համապատասխան անձանց բանկային գործարքների, ինչպես նաև գույքային իրավունքների հետ կապված ամբողջական տեղեկությունները»,- ասաց վարչապետը։
Գործադիրի ղեկավարը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին ու Կենտրոնական բանկի նախագահին հանձնարարեց մեկամսյա ժամկետում համատեղ քննարկել ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառված անձանց բանկային գործարքների մասին տեղեկատվություն տրամադրելու հնարավորությունը։
«Տարածքային կառավարման և զարգացման նախարարին, մարզպետներին, անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին ու Երևանի քաղաքապետին հանձնարարում եմ երկամսյա ժամկետում ամփոփել և արդիականացնել անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի տեղեկատվական շտեմարանում առկա անձանց տվյալները։ Պետք է ապահովել նաև դրանց ամբողջական տրամադրումը աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը»,- ասաց Կարապետյանը։
Վարչապետի հանձնարարականով` ուսումնասիրությունները պետք է նշված ժամկետում ավարտվեն ու ներկայացվեն կառավարության աշխատակազմ։