ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի — Sputnik․ Բուժաշխատողի համազգեստով տղամարդը կրակոցներ է արձակել Նյու Յորքի Բրոնքս շրջանում։ Առնվազն հինգ հոգի տուժել են միջադեպի հետևանքով, հայտնում է The New York Times-ը։
Փոխհրաձգությունը Բրոնքսի շրջանում տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 1:50-ին (Երևանի ժամանակով՝ 22:50-ին)։ Դեպքի վայր են ժամանել ոստիկանությունն ու հրշեջ ծառայությունը։ CBS հեռուստաընկերության տվյալների համաձայն՝ միջադեպը տեղի է ունեցել հիվանդանոցի 16-րդ հարկում։
Ինչպես հայտնում է ABC հեռուստաալիքը, Նյու Յորքի հիվանդանոցի փոխհրաձգության հեղինակը սպանված է։ Ոստիկանության տվյալների համաձայն՝ տղամարդը զինված էր M-16 ինքնաձիգով։ Ենթադրաբար, հրաձիգը հիվանդանոցի նախկին աշխատակից՝ 45-ամյա Հերի Մայքլ Բելոն է։
Ոստիկանները շրջափակել են հիվանդանոցին կից տարածք։ Դեպքի վայրը վերևից հսկում են ոստիկանության ուղղաթիռները։