ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի — Sputnik. Հայաստանի արտաքին գործերի նախարարության բյուջեի կատարողականը 2016թ. կազմել է 97.9 տոկոս: Ազգային ժողովում ՀՀ 2016թ. պետական բյուջեի կատարման հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին հայտնեց ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը:
«Հատկացված բյուջեի խնայողությունների արդյունքում 304.8 մլն դրամ տնտեսվել է և փոխանցվել պետբյուջե», — նշեց նախարարը:
Նալբանդյանի խոսքով`ԱԳՆ-ն մարում է նաև միջազգային կազմակերպություններին ունեցած պարտքը, որը կուտակվել է 1998 թվականից։
«9 տարի առաջ պարտքը կազմում էր 9 միլիոն 200 հազար դոլար, իսկ հիմա մոտ հինգ անգամ պակասել է», — ասաց նա:
Ըստ Նալբանդյանի` բյուջե վերադարձրած 304.8 միլիոն դրամի շնորհիվ կարելի էր այդ պարտքը մարել նաև նախորդ տարի, բայց դա հնարավոր չէր, քանի որ տարեկան հստակ սահմանված չափ կա, որով պետք է պարտքը մարվի:
ԱԳՆ-ն 2016թ. պետական բյուջեից ստացել է 14.4 միլիարդ դրամ: