ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. «Գալա–Սալվադոր Դալի» հիմնադրամը բողոքարկելու է նկարչի աճյունն արտաշիրիմելու վերաբերյալ որոշումը։
Մադրիդի դատարաններից մեկի դատավորը նախօրեին որոշում է կայացրել արտաշիրիմել աշխարհահռչակ նկարիչ Սալվադոր Դալիի աճյունը, որպեսզի որոշեն նրա և հայցվորի արյունակցական կապը։ Այդպիսով դատարանը բավարարել է Ժիրոնի բնակչուհու, «պայծառատես» Պիլար Աբել Մարտինեսի հայցը, որով նա պնդում է, թե Դալին իր հայրն է։
«Դալի հիմնադրամը հայց է նախապատրաստում արտաշիրիմումն արգելելու համար։ Հայցը ներկայացվելու է առաջիկա օրերին», – գրված է հիմնադրամի հաղորդագրության մեջ։
Պիլար Աբել Մարտինեսը ծնվել է 1959 թվականին Ֆիգերաս քաղաքում։ Նրա մայրն իբր գաղտնի կապ է ունեցել նկարչի հետ Պորտ Լիգատում (Ժիրոնի գավառ), որտեղ աշխատել է Դալիի ընկերների տանը։ 1955 թվականին մայրը տեղափոխվել է Կաստելյոն դե Ամպուրիաս, ամուսնացել և որոշ ժամանակ անց ծնվել է դուստրը։
Պիլարի խոսքով` առաջին անգամ տատից է իմացել, որ ինքը Դալիի ապօրինի դուստրն է։
Սալվադոր Դալին մահացել է 1989 թվականի հունվարի 23-ին 85 տարեկան հասակում։ Նա կտակում գրել է, որ իրեն այնպես թաղեն, որպեսզի մարդիկ կարողանան քայլել շիրիմի վրայով։ Այդ պատճառով էլ Դալիի աճյունն ամփոփված է Ֆիգարես քաղաքում (Կատալոնիա) Դալիի թատրոն–թանգարանի սենյակներից մեկի տակ։