ԵՐԵՎԱՆ, 27 հունիսի — Sputnik. Համայնքների սեփականություն հանդիսացող ցանքատարածքներն ու արոտավայրերը բուսական մնացորդներից մաքրելու նպատակով ազգաբնակչության կողմից կատարվող հրկիզումները շատ հաճախ տարածվում են անտառային տարածքներ` մեծ վնաս պատճառելով բնությանը և շրջակա միջավայրին:
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ հանրապետության մի շարք մարզերում (մասնավորապես Արմավիր, Արարատ, Տավուշ) սկսվել է հացահատիկային մշակաբույսերի բերքահավաքը` ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը հորդորում է առանձնակի զգոնություն ցուցաբերել այդ աշխատանքներն իրականացնելիս` հիշեցնելով, որ «Մթնոլորտային օդի պահպանության մասին» ՀՀ օրենքի համաձայն` արգելվում է այրել խոզանները, բուսական մնացորդներով ու չորացած բուսականությամբ տարածքները, արոտավայրերի ու խոտհարքերի բուսականությունը գյուղատնտեսական, անտառամերձ, անտառային ու բնության հատուկ պահպանվող հողերում:
ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը տեղեկացնում է նաև, որ արգելվում է անտառային տարածքներում կրակ վառել, վառվող լուցկի կամ ծխախոտի մնացորդ գցել, յուղերով կամ բենզինով ներծծված լաթեր թողնել, ներքին այրման շարժիչների աշխատանքի ժամանակ մեքենան վառելիքով լցավորել, ինչպես նաև ծխել լցավորվող մեքենաների մոտ:
Խարույկ կամ կրակ թույլատրվում է վառել միայն դրանց համար նախատեսված վայրերում և վերջում հանգցնել այն:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ գործող օրենսդրությամբ քրեական և առանձնապես խոշոր չափերի հասնող նյութական պատասխանատվություն է սահմանված ինչպես դիտավորությամբ, այնպես էլ անզգուշությամբ անտառային տարածքներին վնաս պատճառելու համար:
ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ը հրդեհավտանգ անտառտարածքներում սահմանել է շուրջօրյա հսկողություն: