Լիոնել Մեսսիի մասին կարելի է լռել՝ շատ լավ հասկանալով, թե ինչ մեծության աստղ է ֆուտբոլում, և կարելի է անդադար խոսել ու գրել նրա տաղանդի մասին: Մի բան պարզ է՝ վերջին տասնամյակում այս ֆուտբոլիստն իր հիասաքանչ խաղով նոր երանգ հաղորդեց միլիոնների խաղին՝ գրեթե ամեն մրցաշրջանում սահմանելով նոր ռեկորդներ:
Սակայն չի կարելի չնշել, որ Մեսսիի տաղանդի բացահայտման գործում մեծ նշանակություն է ունեցել նրա տատիկը՝ Սելլին: Բազմանդամ ընտանիքում, որտեղ ծնվել է Մեսսին, հենց տատիկն է զբաղվել ապագա աստղի դաստիարակությամբ, ու նրա շնորհիվ է Լեոն հայտնվել Բարսելոնայում:
11 տարեկանում Մեսսիի մոտ հայտնաբերվեց մի հիվանդություն, որը խոչընդոտում էր պատանու հասակի աճը: Հենց այդ հիվանդության ու թանկարժեք բուժման պատճառով էլ «Ռիվեր Փլեյթը» չուզեց իր դպրոցում տեսնել Լեոյին: Իսկ «Բարսելոնան» ձեռքից բաց չթողեց 13 տարեկան հրաշամանուկին:
Ֆուտբոլային հոտառությունը չխաբեց իսպանական գրանդի այն ժամանակ սպորտային տնօրեն Կառլես Ռիշակին, որն էլ համաձայնեց և՛ բուժել Մեսսիին, և՛ ընդգրկել կատալոնյան ակումբ: Իսկ թե ինչ եղավ հետո, արդեն գիտեն բոլորը: Իսկ ամեն ինչ սկսվեց «Էսպանյոլի» հետ խաղից, որը Մեսսիի համար պաշտոնական առաջին խաղն էր «Բարսելոնայի» կազմում: Իր առաջին գնդակը կատալոնցիների կազմում Մեսսին խփեց 2005 թվականի մայիսի 1-ին «Ալբասետեի» դեմ խաղում, ու, ինչպես ասում են, այս ամենն ունեցավ հրաշալի շարունակություն:
2008 թվականին փոխելով մարզաշապիկի համարը (մինչև այդ պահը Մեսսին խաղում էր 19 համարի մարզաշապիկով) ու կրելով ֆուտբոլում հանրահայտ 10 համարի մարզաշապիկը՝ Մեսսին դարձավ այն ֆուտբոլային ֆենոմոնը, որին իր կազմում կուզենային և ուզում են տեսնել աշխարհի բոլոր ուժեղագույն ակումբները: Ֆանտաստիկ արագություն, դրիբլինգ, գնդակի նկատմամբ հսկողություն ' արագություն զարգացնելու դեպքում, անկանխատեսելի հարվածներ, ստանդարտները իրացնելու փայլուն վարպետություն: Սա դեռ ամենը չէ, բայց այս որակներին Լեոն տիրապետում է յուրահատուկ ու անկրկնելի:
Մեսսին հինգ անգամ ճանաչվել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստ: Միայն Քրիշտիանու Ռոնալդուն կարող է հասնել արգենտինացուն այդ ցուցանիշով, քանի որ 4 անգամ արդեն ունի այդ տիտղոսը:
Իսպանիայի բազմակի չեմպիոն, Իսպանիայի գավաթակիր, Չեմպիոնների լիգայի հաղթող, 2008 թվականի օլիմպիական խաղերի չեմպիոն: Սա Մեսսիի տիտղոսների ցուցակն է, բայց ամենաբաղձալի նվաճմանը՝ աշխարհի չեմպիոնի կոչմանը, Լեոն ոչ մի կերպ չի կարողանում հասնել:
Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին 2014թ-ին կարող էր նվաճել աշխարհի չեմպիոնի կոչումը, բայց եզրափակիչում 11 մետրանոցներով հաջողությունը ուղեկցեց Գերմանիայի ընտրանուն: Լեոյին չի հաջողվել նաև նվաճել Ամերիկայի գավաթը, չնայած այստեղ էլ երեք անգամ է խաղացել եզրափակիչներում:
Բայց նման տաղանդի համար 30 տարեկան լինելը չեմ կարծում, որ խնդիր է իր ունակությունները ևս մի քանի տարի ցուցադրելու համար: 2018 թվականին աշխարհի առաջնությունը կայանալու է Ռուսաստանում: Արգենտինայի հավաքականն առայժմ հարավ-ամերիկյան ընտրական գոտում խնդիրներ ունի և ուղեգիր դեռ չի վաստակել: Բայց դժվար է պատկերացնել, որ Արգենտինան չի մասնակցի մունդիալին: Հակառակ դեպքում մենք կզրկվենք ֆուտբոլային բացառիկ տաղանդին հերթական անգամ հետևելու հնարավորությունից:
Մեսսիի ռեկորդների մասին խոսելն այնքան էլ իմաստ չունի, որովհետև դրանք իսկապես շատ են: Պարզապես փաստենք, որ ֆուտբոլային օլիմպոսում Լիոնել Մեսսին իր առանձնահատուկ տեղն ունի, ու նրա մասնակցությամբ խաղերի ժամանակ ֆուտբոլն ասես վերածվում է թատերական ներկայացման, իսկ մարզադաշտի տրիբունաներում նստածները, մեղմ ասած, հաճույքով հետևում են ժամանակակից ֆուտբոլի գլխավոր դերակատարներից մեկի գործողություններին: