ԵՐԵՎԱՆ, 23 հունիսի – Sputnik. Հանրապետության նախագահը խորին ցավակցություն է հայտնել ճանաչված արվեստագետի ընտանիքին, հարազատներին, մերձավորներին և գործընկերներին:«Ռուբեն Գևորգյանցը հայ կինոարվեստի ակնառու ներկայացուցիչներից էր, ով մեծ ավանդ ներդրեց հայկական կինոյի զարգացման գործում:
Նրա ստեղծած կինոնկարները, հատկապես՝ վավերագրական ֆիլմերը, բարձր են գնահատվել մեր հանդիսատեսի, ինչպես նաև միջազգային հեղինակավոր մասնագետների կողմից:Նշանակալի է Ռուբեն Գևորգյանցի վաստակը նաև որպես կինոգործչի, եռանդուն կազմակերպչի և կինեմատոգրաֆիստների նոր սերնդի դաստիարակության գործում իր նպաստը բերած մանկավարժի»,-ասված է նախագահի ցավակցական հեռագրում:
Կինոռեժիսոր Ռուբեն Գևորգյանցի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա հունիսի 25-ին, ժամը 18:30-20:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում: Վերջին հրաժեշտը` հունիսի 26-ին, ժամը 11:00-13:30, Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում:
Հուղարկավորությունը` Երևանի քաղաքային պանթեոնում: