ԵՐԵՎԱՆ, 22 հունիսի — Sputnik. ՀՀ կառավարությունը պաշտպանության որակը կբարձրացնի նոր մակարդակի վրա, այսօր ԱԺ-ում կառավարության գործունեության ծրագրի քննարկման ընթացքում ասաց ՀՀԿ խմբակցության անդամ, Ազգային ժողովի պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը։
Նրա խոսքով՝ պաշտպանության նոր համակարգ ձեւավորելու համար, հաշվի է առնվելու ռազմաքաղաքական իրադրությունը։
«Մենք կբարձրացնենք զինծառայողների սոցիալական ապահովվածությունը, կկատարելագործենք ռազմական կրթությունը»,- ասաց Նահապետյանը։
Հանրապետական պատգամավորն անդրադարձավ նաև 2018-ից հետո վարչապետի անձի մասին ընդդիմության բարձրացրած խնդրին՝ հայտարարելով, որ անկախ նրանից, թե ով կլինի վարչապետը, կառավարության ծրագիրը կանգ չի առնելու և շարունակվելու է նույն ռիթմով։
Ինչ վերաբերում է ծրագրին, այն, Կորյուն Նահապետյանի կարծիքով, էապես տարբերվում է նախորդներից իր որակով ու հստակությամբ, ուստի ինքը, իր ձևակերպմամբ՝ «ջիգյարով» պաշտպանելու է այդ ծրագիրը։
Ընդդիմությունը, սակայն, քաղաքական մեծամասնության խոստմանը չի հավատում։ «Ելք խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը մատնանշեց սահմանին տիրող վիճակն ու զոհերի քանակը՝ հայտարարելով, որ իրենք դեմ են քվեարկելու կառավարության ներկայացրած ծրագրին։