ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik, Գոհար Սարգսյան. Լամարանա Բահը Գվինեայից Հայաստան է եկել ապահովության ու բարության փնտրտուքներով։ Նա Գվինեայում հանդիպել է մի հայ գիտնականի, որն առաջարկել է գալ Հայաստան` խոստանալով, որ այստեղ խաղաղություն և բարի մարդկանց ընկերակցություն կգտնի։
Լամարանայի բախտը Հայաստանում կրկնակի բերեց. այդ հայը նրան որդեգրեց, իսկ ավելի ուշ այստեղ հանդիպեց գվինեացի մի տղամարդու ու ամուսնացավ։
«Ես արդեն 7 տարի է` եկել եմ Հայաստան։ Ամուսինս ծրագրավորող է, բայց չի աշխատում։ Իսկ ես գումար եմ աշխատում մազեր հյուսելով, անում եմ ինչ պատահի։ Հայաստանում ինձ լավ եմ զգում, բայց կմնամ, եթե նորմալ աշխատանք գտնեմ»,-պատմեց կինը։
Հայաստան. այս բառն էր անընդհատ կրկնում գվինեացի կնոջ փոքրիկը` 3-ամյա Էվինը։ Հայերեն է խոսում, քանի որ մայրը սովորեցրել է` եթե տվյալ երկրում ես ապրում, առաջին հերթին պիտի հարգես նրանց լեզուն։
Փախստականների համաշխարհային օրվա առթիվ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում հրավիրված ասուլիսի ընթացքում ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչ Քրիստոֆ Բիրվիրթը հայտնեց, որ ողջունում է ավելի քան 65 միլիոն մարդկանց քաջությունն ու տոկունությունը, որոնք պատերազմի, հետապնդման և բռնության պատճառով ստիպված են եղել լքել իրենց տները։ Այնուհետև անդրադարձավ հայաստանյան իրավիճակին։ Նա վստահեցրեց, որ, օրինակ, սիրիահայերի մուտքը Հայաստան փոխեց երկրի ներքին կյանքը։
«Նրանք բերել են հմտություններ, ձեռնարկատիրական փորձ, արաբական աշխարհի և Իրանի հետ առևտրային հարաբերությունների նոր տեխնոլոգիաներ։ Նախորդ տարի 230 սիրիահայ եկավ Հայաստան, իսկ այս տարի` 100»,- ասաց Բիրվիրթը։
Սակայն, նրա խոսքով, կան մարդիկ, որոնք, այնուամենայնիվ, վերադարձան Սիրիա։ Նրանք հիմնականում բժիշկներ էին, կարծում էին, որ իրենց տաղանդը կարող էին ծառայեցնել այնտեղ, որտեղ առավել քան կար դրա պահանջը։
Դրական կողմերից զատ ՄԱԿ-ի Փախստականների հարցով գերագույն հանձնակատարի ներկայացուցիչը նաև խնդիրներ է տեսնում։
«Այն ընտանիքները, որտեղ կան ուսանողներ, ծերեր, հաշմանդամներ, դեռ տնտեսապես վատ վիճակում են, ապրում են վարձակալված բնակարաններում։ Այդ պատճառով էլ նրանք դիտարկում են Հայաստանից մեկնելու տարբերակը»,- ասաց նա։
Այն, որ սիրիահայերը նոր մշակույթ բերեցին Հայաստան, փաստ է։ Անզեն աչքով կարելի է տեսնել, որ նրանք ձեռքի շնորհք ունեն ու այդ պատճառով էլ քաղցած չեն մնում։
Արդեն 5 տարի Հայաստան տեղափոխված Լուսինե Բարսումյանը գոհ է հայաստանյան իր կյանքից։ Ասում է` ամուսնու հետ մի քանի բիզնես են հիմնել ու երջանիկ ապրում են։
«Ամուսինս Վերնիսաժում արծաթյա զարդերի սեղանիկ ունի։ Ես էլ օգնում եմ նրան։ Իսկ իմ հիմնական բիզնեսը, որ դեռ Սիրիայից եմ բերել, բիժուտերիա սարքելն է։ Սիրիայում գրեթե բոլոր հայերը տիրապետում են ձեռագործ արվեստին։ Դրան զուգահեռ փոքրիկ սննդի կետ ունենք։»,- ասաց նա։
Սիրիայի հակամարտության սկզբից ի վեր Հայաստանն ընդունել է ավելի քան 22 հազար սիրիահայի։ ՄԱԿ-ի ՓԳՀ-ի տվյալներով` 15 հազար տեղահանված անձ դեռևս ապրում է Հայաստանում։ Իսկ մյուս մասը մեկնել է Պարսից ծոցի արաբական երկրներ կամ բռնել այն ուղղությունները, որտեղ ծանոթ-բարեկամներ կան։