ԵՐԵՎԱՆ, 20 հունիսի — Sputnik. Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ, կրթության փորձագետ Անահիտ Բախշյանն ահազանգում է Արմավիրի մարզի Ծիածան գյուղի միջնակարգ դպրոցում տիրող ապօրինությունների մասին։
Անահիտ Բախշյանի տեղեկություններով`այդ դպրոցում կան գրանցված ու աշխատավարձ ստացող, բայց աշխատանքի չներկայացող աշխատակիցներ, գրանցված, բայց դպրոց չհաճախող երեխաներ, որոնց բացակայությունները, տնօրինության թողտվությամբ, չեն նշանակվում։ Չարաշահումներ կան կնաև ներառական կրթության գործընթացում։
Անահիտ Բախշյանն իր ունեցած տեղեկությունները ներկայացրել է ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության տեսչության պետ Արամ Կարապետյանին` խնդրելով նաև այցելել դպրոց և ստուգել դրանք:
Ի պատասխան Բախշյանի դիմումի` ԿԳՆ–ից հաստատել են Ծիածան գյուղի դպրոցում կատարվող ապօրինությունների մասին լուրերը։
Տիկին Բախշյանը նշում է, որ ԿԳՆ-ից ստացած գրությամբ իրեն հայտնել են, որ կատարված ուսումնասիրության արդյունքները ցույց են տվել, որ դիմումում բերված փաստարկների մեծ մասը համապատասխանում է իրականությանը»:
Հաշվի առնելով ուսումնասիրության արդյունքները` կրթության տեսչության պետը համապատասխան միջոցներ ձեռնարկելու առաջարկությամբ դիմել է ԿԳ նախարարին և Արմավիրի մարզպետին:
«Կարծում եմ, որ իրավապահ մարմինները նույնպես պետք է հետաքրքրվեն այս անօրեն տնօրենի գործունեությամբ»,– նշում է տիկին Բախշյանը` հավելելով, որ իր հրապարակային բաց նամակում հիշատակված փաստերի մասին ինքն արդեն տեղեկացրել է նախարարին ու մարզպետին: