ԵՐԵՎԱՆ, 19 հունիսի — Sputnik. «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը «Անվտանգ և լուսավոր Երևան» սոցիալական ծրագրի շրջանակում լուսավորող սարքեր է տեղադրել Նոր Նորքի գետնանցումներից մեկում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Արմեն Ալավերդյանը։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը հարցում է անցկացրել տարբեր վարչական շրջանների բնակիչների միջև` տեղանքի բարեկարգության թեմայով։ Փոփոխություններն այն վայրերում են կատարվում, որտեղի բնակիչներն ավելի շատ են պայքարում բարեփոխումների համար։
«Առաջին հերթին աշխատանքներն անցկացվում էին մեր համայնքի բնակիչների համար։ Ուզում են շնորհակալություն հայտնել Կասպերսկի լաբորատորիային տարող աշխատանքի համար։ Սա արդեն երրորդ գետնանցումն է, որը վերանորոգվել և բարելավվել է մեր համատեղ ջանքերով», – ասաց Ալավերդյանը։
Քանի որ Նոր Նորքի բնակիչները մյուսներից ավելի ակտիվ էին, դրա համար էլ, նրա խոսքով, ընտրվեց հենց այդ շրջանը։
Նա նաև հավելեց, որ Նոր Նորքի բոլոր ստորգետնյա անցումներն առաջիկայում կվերանորոգվեն և կլուսավորվեն։
«Այստեղ ահավոր կեղտոտ էր։ Մենք ուրախ և շնորհակալ ենք լույսի և մաքրության համար», – Sputnik Արմենիայի թղթակցի հետ զրույցում ասած տարեց կինը։
Ուսանողուհի Սեդան այստեղ է ապրում արդեն 10 տարի և ինչքան հիշում է, գետնանցումը միշտ կեղտոտ է եղել, իսկ երեկոյան ժամերին այնտեղով անցնելն ուղղակի վախենալու էր։
Բացի այդ, Սեդայի խոսքով, այնտեղ մշտապես ձուկ էին վաճառում, և հոտի պատճառով անցումից օգտվելն անհնար էր դառնում։
«Կասպերսկի Լաբորատորիա» ընկերությունը, Երևանի Նոր Նորք վարչական շրջանի հետ համագործակցությամբ, անվտանգ և լուսավոր է դարձրել այդ վարչական շրջանում գտնվող երկրորդ ստորգետնյա անցումը։ Ընկերության «Անվտանգ և լուսավոր Երևան» նախագծի շրջանակում Բադալ Մուրադյան փողոցի Նոր Նորքի 5-րդ և 6-րդ զանգվածները միացնող ստորգետնյա անցումում տեղադրվել են լուսավորման սարքեր, որոնք միանում են այն ժամանակ, երբ դրանց մոտով մարդ է անցնում։ Բացի այդ, լուսավորման սարքերում ներկառուցված են տեսախցիկներ, որոնք էլ ավելի ապահով են դարձնում գետնանցումը թե՛ ցերեկը, թե՛ հատկապես գիշերը։