ԵՐԵՎԱՆ, 16 հունիսի — Sputnik. Երևանում հեղինակային երգի «շտաբ բնակարանը» ամենայն պատասխանատվությամբ և վստահությամբ կարելի է «Բարդերի ակումբ» համարել։
Անվանի և նորանուն հեղինակ-կատարողների երգերը, կիթառի կենդանի հմայքն ու միջավայրը հին և նոր հանդիսատեսին ամեն ուրբաթ ակումբի ճամփան նորից բռնելու հաճելի առիթ են դառնում։ Եվ այսպես արդեն 8 տարի։
«Բարդերի ակումբի» համար 2017-ի առաջին տարեշրջանն էլ տպավորիչ էր, ձեռքբերումներով լի, հետևաբար վաստակել է մինչև աշուն հանգստի գնալու իրավունքը, ինչով էլ պայմանավորված էր ակումբում համերգաշրջանի եզրափակիչ հավաք-երեկոն։ Հանգստի գնալն էլ պայմանականորեն է ասված, քանի որ առջևում Սևանում կայանալիք փառատոնն է։
«Բարդերի ակումբ» ստեղծագործական միավորումը «Սիվիլ արտ» մշակութային հասարակական կազմակերպության հետ համատեղ 2015 թվականից կազմակերպում է «Հուսո առագաստ» հեղինակային երգի փառատոնը, որն այս տարի ընդգրկում է միջազգային շրջանակներ և արդեն իսկ հասցրել է բարդ ժանրի սիրահարների մեծ բանակ համախմբել իր շուրջ։
Փառատոնը տեղի է ունենալու հուլիսի 14-16-ը, մասնակցության հայտագրումն արդեն իսկ մեկնարկած է։ Մշակութային նման նախագծերը ստեղծագործական հնարավորությունները բացահայտելու լավագույն առիթ են հատկապես երիտասարդների համար, քանի որ հենց նրանց կողմից է, որ հեղինակային երգն առանձնահատուկ սեր է վայելում։ Իսկ «Հուսո առագաստում» ոչ միայն փայփայում և գնահատում են այդ սերը, այլև անում ամեն հնարավորը նոր սերնդի մտքում և սրտում այն պահպանելու համար։