ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Երևանի քաղաքապետարանում իրարանցում էր ու տոնական տրամադրություն, իսկ այդ տրամադրությունը ներկաների հետ չէր կիսում Զարուհի Փոստանջյանը: Նա իր թիմակիցների հետ մնացել էր շենքի երրորդ հարկում ու նյարդայնացած նայում էր այն լույսերին, որոնք, իր խոսքով ասած, անխնա միացված են, ու դրա համար քաղաքացիներն են իրենց գրպանից վճարում:
«Այսօր բազմաթիվ ծնողներ չեն կարողանում իրենց երեխաների համար ճաշ պատրաստել, քանի որ կոմունալ ծախսերը շատ թանկ են: Սա ուղղակի անթույլատրելի է, տեսեք՝ ինչ շռայլություն է: Մենք տեսնում ենք, թե ինչպիսի բարքեր են քաղաքապետարանում»,- ասաց նա:
Փոստանջյանը նշեց, որ քաղաքապետի երդմնակալությանը չի մասնակցելու: Իր աշխատանքը պարտավորեցնում է միայն ավագանու նիստին մասնակցելը, որը տեղի է ունենում թիվ 434 աշխատասենյակում:
«Մենք չգիտենք ՝ ինչ ինոգուրացիայի մասին է խոսքը: Եթե խոսքը վերաբերում է մի գործընթացի, որը Տարոն Մարգարյանն է նախաձեռնել, ապա մենք նրան չենք ճանաչում որպես օրինական պաշտոնյա: Նրա նախաձեռնած նիստը ևս օրինական չէ, դա իր անձնական շահի խնդիրն է, նրա անձնական շահերը մենք չենք սպասարկելու»,- ասաց Փոստանջյանը:
Նա շեշտեց, որ իրենք ունեն օրակարգ ու շարժվելու են դրանով: Առաջիկա ծրագրերում է ուսումնասիրությունը, թե քաղաքապետարանում ամսական կտրվածքով ինչքան են կազմում կոմունալ վճարները: Սա նույնպես կմտնի նրանց պահանջների և վերահսկողության մեջ: