ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Շառլ Ազնավուրը հյուրընկալվել է Le Club de Richard Findykian ռադիոհաղորդաշարին, որի ընթացքում պատմել է Հայաստան կատարած այցի, որդու՝ Նիկոլայի մկրտության, ինչպես նաև այն մասին, որ «Քեզ համար, Հայաստան» երգը կարող է Հայաստանի նոր օրհներգը դառնալ:
«Հայաստանի այժմյան օրհներգն առանձնապես ոչինչ չի ասում, և հնարավոր է` «Քեզ համար, Հայաստան»-ը նոր օրհներգը դառնա: Դա այն է, ինչ ես ուզում եմ: Նախագահ Սերժ Սարգսյանը համաձայն է ինձ հետ, և ոչ միայն նա»,- ասել է Ազնավուրը:
Նա նաև պատմել է Հայաստան կատարած վերջին այցի, որդու մկրտության և «Ազնավուր» հիմնադրամի հետագա ծրագրերի մասին։
«Այդ հիմնադրամն օգնելու է ամբողջ աշխարհի հայերին: «Ազնավուր» հիմնադրամի առաջին նախագիծը թանգարանի հիմնումն է, որը ոչ միայն ինտերակտիվ թանգարան, այլեւ երիտասարդական կենտրոն, զբոսաշրջային վայր է դառնալու»,- ասել է նա։
Ազնավուրը նշել է, որ իր բոլոր երեխաները հայկական եկեղեցում են մկրտվել, և Նիկոլան բացառություն չէր:
«Նիկոլան Հայաստանում մկրտվեց և իմ հոր անունն ընտրեց (Միքայել): Մկրտության ընթացքում ես մտածում էի ծնողներիս մասին, ընդհանրապես ես նրանց մասին մշտապես մտածում եմ: Հայերը սիրում են երեխաներին ու մեծերին»,- ասել է Ազնավուրը: