ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Հայաստանում Ռուսաստանի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Վոլինկինը Ռուսաստանի օրվան նվիրված ընդունելության ժամանակ հայրենակիցներին շնորհավորել է հայերենով:
Դեսպանն ընդգծել է Հայաստանի և Ռուսաստանի միջև առկա հարաբերությունների բարձր մակարդակը:
«Այսօր հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի վրա են, շարունակում են ընդլայնվել և խորանալ»,- ասել է դեսպանը:
Վոլինկինը նշել է, որ այս տարի լրանում է երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 տարին:
«Բարեկամության բազմադարյա պատմությունն ու մեր ժողովուրդների հոգևոր մտերմությունը փոխգործակցության ամուր հիմնաքար է, գործակցության բոլոր ուղղություններում նոր ձեռքբերումների գրավական»,- ասել է նա:
Դիվանագետը նշել է, որ Ռուսաստանը Հայաստանի գլխավոր առևտրա-տնտեսական գործընկերն է և հիմնական ներդրողը: Մասնավորապես, համագործակցություն է տարվում էներգետիկայի, արդյունաբերության, գյուղատնտեսության, տիեզերական ուսումնասիրությունների, ՏՏ և զբոսաշրջային ոլորտներում:
«Ռուսաստանն ու Ռուսաստանի քաղաքացիները բարձր են գնահատում Հայաստանի հետ դաշնակցային հարաբերությունները: Ռուսաստանի և Հայաստանի միջև ռազմավարական հարաբերությունները ոչ միայն սերտ քաղաքական երկխոսություն են ենթադրում, այլև լայնածավալ ռազմական և սահմանապահ գործակցություն: Սա առանցքային նշանակություն ունի Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ապահովման համար»,- ասել է Վոլինկինը:
Ռուսաստանի օրվա առթիվ կազմակերպած ընդունելությունն անցկացվեց Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում: Կազմակերպվել էր համերգ, որի ընթացքում ելույթ ունեցան դեսպանատան երգչախումբն ու Ալեքսանդրովի անվան ռուսական բանակի երգի ու պարի համույթը: Համերգի ժամանակ հնչեցին հայերեն կատարումներ: Ընդունելությանը ներկա էին նաև ՀՀ առաջին տիկին Ռիտա Սարգսյանը, Հայաստանում հավատարմագրված պետությունների դեսպաններ, քաղաքական և հասարակական գործիչներ, Հայրենական մեծ պատերազմի վետերաններ: