ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. «Տարոն Մարգարյանի աշխատանքից գո՞հ եք». լրագրողների այս հարցին վարչապետ Կարեն Կարապետյանը միանշանակ «այո» պատասխանեց: Թե ինչ բացթողումներ է ունեցել Մարգարյանը, վարչապետը կարճ ու կոնկրետ ասաց, որ հարցը երկար պատասխան է ենթադրում:
«Բազմաթիվ չլուծված խնդիրներ կան, դա թերացու՞մ է»,-ասաց Կարապետյանը:
Ինչ վերաբերում է մայրաքաղաքի տրանսպորտային խնդիրներին, գործադիրի ղեկավարը կարծում է, որ դա բացթողում չէ, բայց դրա լուծումն ակտուալ է:
«Մի քանի անգամ ասել եմ՝ քաղաքապետի աշխատանքն այնպիսին է, որ բոլոր խնդիրներն առաջնային են: Նա չի կարող ասել՝ այս խնդիրը պետք է լուծել, հետո անցնել սրան: Քաղաքապետի աշխատանքը բարդ է դրանով»,-ասաց նա:
Լրագրողները Կարապետյանին հարց ուղղեցին նաև Տարոն Մարգարյանի հարստացման մասին՝ դրանք անվանելով «ապօրինի»: Վարչապետն էլ ասաց, որ եթե մարդիկ փաստեր ունեն, թող դիմեն իրավապահ մարմիններին:
«Ես բազմաթիվ երիտասարդ մարդկանց գիտեմ, որոնք շատ հարուստ են: Ես չգիտեմ նրա եկամտի աղբյուրները և պարտավոր չեմ իմանալ»,- լրագրողների հարցերից բորբոքված ասաց Կարապետյանը:
Վերջում նա, որպես նախկին քաղաքապետ, նշեց՝ քաղաքապետի աշխատավարձով հարստանալ չի լինի, այլ տարբերակներով՝ կլինի: