ԵՐԵՎԱՆ, 12 հունիսի — Sputnik. Այս տարի միանգամից սկսված ամառը օձերի ակտիվացման պատճառ է դարձել, որի հետևանքով գրեթե կրկնակի ավելացել են նաև խայթոցների դեպքերը։ Ապրիլի 18-ից սկսած Հայաստանում գրանցվել է օձերի խայթոցի 42 դեպք՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 25–ի փոխարեն, հայտնեց հանրապետության գլխավոր թունաբան Միքայել Գաբրիելյանը։ Մահվան դեպքեր, բարեբախտաբար, չեն գրանցվել։
Թունաբանը զգուշացնում է հատկապես բնության գրկում զգույշ լինել ու հեռու մնալ օձերից։
«Հիմա շատերը գնում են քաղաքից դուրս՝ էքսկուրսիաների։ Միշտ պետք է լինել զգույշ, երբեք չփորձել բռնել օձին։ Օձը երբեք առաջինը չի հարձակվում, դա նրա բնազդն է։ Հարձակվելուց առաջ օձը միշտ ֆշշացնում է, զգուշացնող ազդանշան է տալիս։ Եթե կանգնեք անշարժ կամ շրջանցեք, նա երբեք առաջինը չի հարձակվի»,– զգուշացնում է մասնագետը։
Իսկ եթե օձն, այդուամենայնիվ խայթել է, Միքայել Գաբրիելյանը խորհուրդ է տալիս չխառնվել և ցույց տալ անհրաժեշտ առաջին օգնությունը։
«Առաջին րոպեներին ցանկալի է թույնն արտածծել վերքից և թքել։ Եթե չկա փչացած ատամ կամ արնահոսող վերք բերանի խոռոչում, ստամոքսում կամ տասներկումատնյա աղիքում, թույնը երբեք չի ներթափանցի»,– ասաց թունաբանը։
Ի դեպ, օձերը, մասնագետների դիտարկմամբ, առավել վտանգավոր են հատկապես օգոստոսին` զուգավորման շրջանում։ Դեպքերի վիճակագրությունը աճում է ամռան հենց այդ ժամանակահատվածում։
Իսկ ինչ վերաբերում է կարիճների խայթոցներին, թունաբանը նշեց, որ առավել վտանգավոր են սև կարիճները, որոնք, հիմնականում, տարածված են Էջմիածնում և Արմավիրում։
Ի տարբերություն օձերի, սև կարիճների խայթոցի դեպքում տուժողին ինքնուրույն որևէ օգնություն ցույց տալ չի կարելի։ Հարկավոր է հնարավորինս արագ հասցնել հիվանդանոց։
«Դա վերաբերում է սև կարիճներին»,– ասում է մասնագետը,– «դեղին, բաց գույնի կարիճներն առաջացնում են տեղային ցավ կամ ալերգիկ ռեակցիա, մահացու չեն»։
Հանրապետության գլխավոր թունաբանը վստահեցնում է` Հայաստանյան բոլոր հիվանդանոցներն ապահովված են առաջին օգնության համար անհրաժեշտ հակաթույներով։