Գևորգ Ղազարյանը վստահեցնում է` Հենրիխ Մխիթարյանը բոլորին է հասկանում և զգում։
«Այդ ունակությունը ոչ բոլոր ֆուտբոլիստներն ունեն։ Դժվար իրավիճակներում հայտնվելու դեպքում նա, բացի բարձր վարպետություն ցուցադրելուց, նաև օգնում է թիմակիցներին։ Եվ այդ առումով հենց միայն իր ներկայությամբ շատ է օգնում թիմակիցներին»,- ասում է ֆուտբոլիստը։
Նշենք, որ Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Ղազախստանի հավաքականի հետ ընտրական խաղի ընթացքում վնասվածք էր ստացել և մարզումները վերսկսելու է սեպտեմբերից: Պարզ է, որ հայ ֆուտբոլիստը չի կարող առայժմ խաղալ, բայց մեր ընտրանու հետ մեկնել է Չեռնոգորիա:
Ղազարյանը վստահ է, որ դժվարին մրցակցություն է սպասվում մեր թիմին։ Նա իր միտքը հիմնավորում է այն հանգամանքով, որ մրցակիցը հաղթող թիմի դեմ առանձնակի է պատրաստվում և ավելի ուշադիր է ուսումնասիրում նախորդ խաղերը:
Մեր թիմը պաշտոնական վերջին երկու և հաջորդած ընկերական խաղում էլ երեք անընդմեջ հաղթանակ է տարել: Գևորգ Ղազարյանը հավատում է, որ մերոնք կարող են հաղթել նաև չորրորդ խաղում: