ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik, Արմենուհի Մխոյան. ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Դավիթ Լոքյանը հունիսի 8-ին Շիրակի մարզի համայնքապետերին, իրավապահ մարմինների մարզային կառույցների ներկայացուցիչներին և Շիրակի մարզպետարանի աշխատակազմին ներկայացրեց Շիրակի մարզի նորանշանակ մարզպետ Արթուր Խաչատրյանին, որը մինչ այս զբաղեցրել է Տարածքային կառավարման և զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը:
Մինչ նորանշանակ մարզպետին ներկայացնելը Դավիթ Լոքյանը նախ շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Հովսեփ Սիմոնյանին կատարած աշխատանքի համար:
«Շիրակի մարզում մենք այս ընթացքում տեսել ենք համերաշխության, բարեկամության և աշխատանքային մթնոլորտ, ինչի շնորհիվ այս ընթացքում մարզում բավական լուրջ արդյունքներ ենք ունեցել, ամենակարևորը մարզը տեղափոխվել է մի դաշտ, որը հնարավորություն կտա մարզում տնտեսական ծրագրերը մեծ թափով իրականացնել»,- նշեց Դավիթ Լոքյանը:
Նորանշանակ մարզպետը շիրակցիներին վստահեցրեց` մարզ գալիս է աշխատելու վճռականությամբ:
«Մեծ պատասխանատվություն ու պարտականություն է, բայց գալիս եմ վճռականությամբ՝ իմ գիտելիքներն ու փորձն ի նպաստ դնելու մարզի զարգացմանը: Չեմ գալիս այստեղ որպես արտագնա աշխատանքի, այլ գալիս եմ ընտանիքով՝ կնոջս ու երեխաներիս հետ: Վստահ եմ, որ միասին կկարողանաք իրավիճակը բարելավել, զարգացնել այն հաջողությունները, որոնք գրանցել է պարոն Հովսեփյանը»,- նշեց Խաչատրյանը։
Նա կարևորեց մարզում աշխատատեղերի ստեղծման, տնտեսական զարգացման, ներդրողների, տեղական և մարզային արտադրողի խրախուսումն ու օժանդակությունը:
«Անտրամաբանական է, որ հայը փորձում է իր ճակատագիրը Հայաստանից դուրս տեսնել, տրամաբանական է, որ հայը Հայաստանի մեջ տարբեր տեղեր տեղափոխվի՝ նպաստելով երկրի զարգացմանը: Ինձ համար տարբերություն չկա` Երևան, Գյումրի, Կապան, թե Ստեփանակերտ: Հուսամ՝ միասին կաշխատենք և կկարողանաք հաջողություններ գրանցել»,- ասաց Խաչատրյանը:
Այն, որ նորանշանակ մարզպետը մարզ է գալիս նոր ծրագրերով ու մարզի զարգացման հետ կապված հեռանկարային տեսլականով, պարզ դարձավ այսօրվա հանդիպումից հետո. լրագրողների հետ հանդիպման ընթացքում նա վստահեցրեց, որ արդեն խնդրել է Գյումրիում տուն վարձակալել և տանը մոտ մանկապարտեզ գտնել իր երեխայի համար:
Լրագրողների հարցին, թե նորանշանակ մարզպետը չի վախենում «չընդունվել» շիրակցիների կողմից՝ ոչ շիրակցի լինելու պատճառով, Խաչատրյանը նշեց, որ իր կինը Շիրակից է, և կնոջ հարազատներն արդեն ընդունել են իրեն:
Հանդիպման վերջում մարզպետը լրագրողներին վստահեցրեց՝ կաշխատի բաց և կհամագործակցի լրատվական դաշտի հետ: