ԵՐԵՎԱՆ, 8 հունիսի — Sputnik. Հունահռոմեական ոճի ըմբիշ, Օլիմպիական խաղերի և Եվրոպական խաղերի փոխչեմպիոն Միհրան Հարությունյանը ոչ մի առնչություն չունի Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքի և կրակոցի հետ: Այս մասին Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ ըմբշամարտի ֆեդերացիայի մամուլի խոսնակ Կարեն Գիլոյանը:
«Նշված դեպքի հետ Միհրան Հարությունյանը որևէ առնչություն չունի: Իրականությունը հետևյալն է. Միհրանի մեքենան տեխսպասարկման համար կայանած է եղել այդ տեխսպասարկման կետում, որտեղ տեղի է ունեցել ծեծկռտուքը: Իսկ այդ տեխսպասարկման կետը պատկանում է Միհրանի ընկերոջը, և նրա մեքենան հենց այդտեղ է անցել տեխսպասարկումը: Նա տեղում չի եղել. ոստիկանները, որոնք եկել են հետքերով, պարզել են, որ այդտեղ կայանված է նաև նրա մեքենան: Միայն այսքանն է Միհրան Հարությունյանի առնչությունը»,- ասաց Գիլոյանը։
Նրա խոսքով` հայ ըմբշամարտիկը տանն է, շարունակում է բուժել վնասված ձեռքը և մոտ ապագայում կմիանա հավաքականին: