ԵՐԵՎԱՆ, 7 հունիսի — Sputnik. Եվրասիական միության անդամ երկրների մաքսային ոլորտի թվայնացման առաջին քայլերը կարվեն 2018–2019 թվականներին։ Եվրասիական տնտեսական միությունում համոզված են, որ դա, անկասկած, կհեշտացնի տնտեսվարող սուբյեկտների կյանքը։
«Թվային տեխնոլգիաներին անցում կատարելը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի օրակարգում է։ Ծրագրվում է նաև անցում կատարել, այսպես, ասած «մեկ պատուհան» սկզբունքի»,– Sputnik Արմենիա մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում ասաց Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը։
Նրա խոսքով` դա թույլ կտա տնտեսվարող սուբյեկտներին միության ներսում սահմանը հատել հաշված րոպեների ընթացքում։ Ընդհանուր էլեկտրոնային բազա կստեղծվի, որը կներառի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերն ու տեղեկություններն ինչպես ապրանքի, այնպես էլ փոխադրողի վերաբերյալ։
Այդ նորամուծությունն ուղղված է ԵԱՏՄ երկրների միջև տեղեկության փոխանակման հեշտացմանը։ Այս փուլում համաձայնագիր կա, ըստ որի` բոլոր երկրներն ու համապատասխան մարմինները տեղեկություն են փոխանակում, բայց այն բավականաչափ ֆունկցիոնալ չէ։ Անցումը էլեկտրոնային համակարգին և «մեկ պատուհանին» խթանում է սուբյեկտների և ապրանքի արագ փոխանակումը։
«Հարկային և մաքսային համակարգերի միավորման շրջանակում ԵԱՏՄ երկրների համագործակցության նպատակն է տնտեսությունների ներդաշնակեցումը և ապրանքի ու սուբյեկտների փոխադրման գործընթացի դյուրացումը», – ընդգծեց Դավթյանը։
Նա հերքեց լուրերը ԵԱՏՄ շրջանակում միասնական արժույթի ստեղծման մասին։ Դավթյանն ընդգծեց, որ այսպիսի աշխատանքներ չեն տարվել ու չեն էլ տարվում։ Ինչ վերաբերում է միասնական արժույթին, ապա այդ հարցը չի դիտարկվելու նաև մոտ ապագայում, քանի որ այն ուղղակիորեն կապված է երկրի ինքնիշխանության հետ։
ԵԱՏՄ երկրներում միասնական արժույթ սահմանելու հարցը ժամանակ առ ժամանակ բարձրացվում է մի շարք փորձագետների կողմից։
ԵԱՏՄ-ն միջազգային ինտեգրացիոն միավորում է, որը ստեղծվել է Մաքսային միության և Միասնական տնտեսական տարածքի հիման վրա, գործում է 2015 թվականի հունվարի 1-ից։ Միությունը ստեղծված է ԵԱՏՄ երկրներում ծառայությունների, ապրանքների, կապիտալի և աշխատուժի ազատ տեղաշարժումն ապահովելու նպատակով։ ԵԱՏՄ անդամ են Ռուսաստանը, Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղըզստանը։